Կառավարությունը հաստատեց ԵՄ ձկան արտահանման կարգը, փոխվարչապետը դիտարկումներ ուներ

Կառավարությունը հաստատել է Հայաստանից Եվրոպական միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար տնտեսվարողների գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տրամադրելու կարգը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս որոշմամբ ավարտվում է ԵՄ շուկա հայկական ձկան արտահանման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորումը։ Նրա խոսքով՝ արդեն 5 ընկերություն համապատասխանում է ԵՄ պահանջներին և պատրաստ է արտահանում սկսել։

Որպես լիազոր մարմին սահմանվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), որը կիրականացնի ԵՄ առևտրի վերահսկման համակարգում կազմակերպությունների գրանցումը։

Պապոյանի խոսքով՝ որոշումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, նվազեցնել կախվածությունը մեկ շուկայից և խթանել տեղական արտադրության արդիականացումը՝ ԵՄ չափանիշներին համապատասխան։ Միաժամանակ իշխանությունները նախատեսում են ներդնել նաև ապրանքների թվային հետագծելիության համակարգ՝ ինտեգրվելով ԵՄ համապատասխան հարթակին։

Պապոյանի խոսքով՝ տնտեսվարողները փաստաթղթերը կներկայացնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ), որը 3-15 աշխատանքային օրվա ընթացքում կստուգի դրանք և տվյալները կփոխանցի ԵՄ համապատասխան համակարգ։

«Դրանից հետո տնտեսվարողը կստանա անհատական կոդ, ու քանի դեռ չի դադարեցվել դրա գործողությունը, բավարար կլինի արտահանում իրականացնել։ Այդ կոդի միջոցով ԵՄ համապատասխան մարմինները կկարողանան տեսնել կազմակերպության տվյալներն ու թույլատրել արտահանումը»,- նշեց նախարարը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց արտահանվող ապրանքների հետագծելիության խնդրին՝ նշելով, որ միայն ԵՄ-ի հետ փաստաթղթաշրջանառության թվայնացումը բավարար չէ։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե Հայաստանը ստանա անհրաժեշտ թվային կոդերը, ապրանքների ֆիզիկական հետագծելիության և էլեկտրոնային կապարակնքման վերաբերյալ հարցը դեռևս լուծված չի համարվի։ Ըստ նրա՝ հենց այս պատճառով են հայ բեռնափոխադրողները խուսափում նոր երթուղիներից։

Գրիգորյանը պարզաբանեց, օրինակ՝ եթե ԵՄ մաքսային մարմինները չտեսնեն էլեկտրոնային կապարակնիքը, կարող են կասկածել, որ, օրինակ, փոխադրվող բեռը ոչ թե ձուկ է, այլ հավ, հետո կուղարկեն լրացուցիչ զննման։ Փոխվարչապետը հիշեցրեց, որ այդ դեպքում մեծանում է սահմանային ուշացումների և փոխադրման ծախսերի ռիսկը, ինչն էլ նվազեցնում է հայկական արտադրանքի մրցունակությունը։

«Պետք է շատ արագ լուծել այս խնդիրը։ Կոդը պետք է ոչ միայն փաստաթղթերում լինի, այլև փաստացի ուղեկցի ապրանքին մինչև ԵՄ սահման։ Արտաքին առևտրի պարագայում այս գործիքները չունենալը նշանակում է արտաքին առևտրի պոտենցիալը չբացահայտել, զարգացած աշխարհն այս մեխանիզմին է սովոր»,- ընդգծեց փոխվարչապետը։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ ասաց՝ ապրանքների հետագծելիությունը երկու բաղադրիչ ունի՝ փաստաթղթային և ֆիզիկական։

«Հիմա երկրորդ ուղղությամբ այս պահին շատ ակտիվ բանակցում ենք ԵՄ-ի հետ։ Նշեմ, որ ԵՄ-ում գործում է տրանզիտի թվային համակարգ։ Մենք պետք է համապատասխան համաձայնագրով միանանք դրան։ Այս պահին առաջին հայտը ներկայացրել ենք՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար, և հաջորդ քայլով կմիանանք այդ համակարգին։ Դա հնարավորություն կտա, որ ՀՀ-ից արտահանվող ապրանքների փաստաթղթերը թվային եղանակով միանգամից արտացոլվեն այդ համակարգում, և ԵՄ ներմուծողը, ինչպես նաև այնտեղի մաքսային մարմիններն արդեն տեղեկացված լինեն, թե ինչ ապրանք է Հայաստանից գալիս ԵՄ։ Սա առաջին քայլն է, որի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում։ Դրան կհաջորդի ֆիզիկական շարժի հետագծելիության հարցը, որը պետք է առանձին քննարկենք և հասկանանք, թե ինչպես պետք է լուծվի ԵՄ ներսում»,- ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

324 ապրանքախումբ՝ առանց մաքսատուրքի. ինչ կշահի Հայաստանը Բրյուսելի առաջարկիցՁուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվելՌԴ-ն դադարեցրել է Հայաստանի բոլոր ձկնամթերք արտադրող ձեռնարկությունների մատակարարումները