Էքսկուրսիայից հետո՝ հիվանդանոց. 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ է հայտնաբերվել

Դասընկերների հետ էքսկուրսիայի մեկնելուց հետո 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ է հայտնաբերվել։ Ինչպե՞ս, այս հարցի պատասխանը իրավապահները դեռ չունեն։ «Բոլոր ուժերը լարել ենք, որ հասկանանք՝ ինչ է կատարվել», - ասում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Ամբողջ իրավապահ համակարգը այս պահի դրությամբ պատշաճ կերպով դիտարկում է դեպքը։ Ունենք հաղորդում, որը փոխանցել ենք քննչական մարմնին, ոստիկանությունը օպերատիվ հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում։ Սկզբից ունեինք անձ նույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չէին եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձի կողմից է կատարվել», - ասաց նախարարը։

Շուրջ երկու շաբաթ առաջ Օրգովի միջնակարգ դպրոցի 21 աշակերտներ, բոլորը հինգից ութերորդ դասարանցիներ, ուղևորվել են Կարին գյուղ կրթական էքսկուրսիայի։

«Էքսկուրսիան կրել է ճանաչողական բնույթ եւ անմիջապես կապ է ունեցել դասապրոցեսի հետ։ Գնացել են 21 երեխա՝ 7 ուսուցչի ուղեկցությամբ», - ասաց Օրգովի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանը:

Սա ոչ թե դասերի ավարտի առիթով բացօթյա խնջույք է եղել, այլ հատուկ կրթական ծրագիր, որի համար ըստ Օրգովի դպրոցի տնօրենի հերթագրվել էին դեռ ամիսներ առաջ։ ATP բարեգործական հիմնադրամի Կարինի տնկարաններ Հայաստանից ու աշխարհի տարբեր անկյուններից աշակերտներ են այցելում։ Օրգովի աշակերտների համար կազմակերպությունը անվճար տրանսպորտ էր ապահովել ու տեղում նաև հյուրասիրել։

«Հյուրասիրել են լավաշ, պանիր, վարունգ, լոլիկ», - ասաց դպրոցի տնօրենը՝ Էդգար Չաթոյանը, պնդելով՝ տեղում ամեն ինչ կազմակերպված է եղել։ Օտար խմբերի հետ օրգովի աշակերտները չեն շփվել։

Ուսուցիչների պատմելով՝ 12-ամյա երեխան բոլորի պես լավ է եղել, ոչ մի արտառոց նշան չի ունեցել։

«17:20 տրանսպորտը արդեն եղել է մեր բնակավայրում, հետ են եկել։ Տվյալ երեխան ծնողի ուղեկցությամբ, ինչպես նաև մնացած երեխաները, կոնկրետ տվյալ երեխան ծնողի ուղեկցությամբ գնացել է տուն», - նշեց տնօրենը։

Զրուցեցինք նաև երեխայի հարազատների հետ, նկարահանվել չցանկացան, բայց պատմեցին՝ ավտոբուսը ոչ թե երեկոյան 5-ն անց, այլ 7-ից հետո է գյուղ հասել, ու երեխան տուն է եկել ուժեղ գլխացավով՝ 40 աստիճան ջերմությամբ ու ագրեսիվ։ Ընտանիքի պատմելով՝ նույն օրը երեխային հասցրել են «Սուրբ Աստվածամայր« բուժկենտրոն, հետո՝ «Ուիգմոր»։ Այս ընթացքում նկատել են նաև, որ երեխան հիշողության խնդիր էլ ունի։ Երկու բուժկենտրոններում բազմաթիվ հետազոտություններ են արել, ոչինչ այդպես էլ չի հայտնաբերվել, իսկ երեխայի վիճակը շարունակում էր մտահոգիչ մնալ։

Օրեր անց են բժիշկները նարկոլոգիական հետազոտության առաջարկ արել ու 12-ամյա երեխայի մեզի մեջ հայտնաբերվել է K2 տեսակի սինթետիկ կանաբինոիդների խմբի թմրամիջոց, կարճ ասած՝ ծանր թմրանյութ՝ սփայս։ Որտեղի՞ց, ինչպե՞ս, հանելուկ է։

«Սփայս կոչվածը... իրենք իրականում բնական կանաբինոիդներից մի քանի անգամ իրենց ազդեցությամբ ավելի ուժեղ են ու առաջացնում են որոշակի փոփոխություններ մարդու գլխուղեղում, իհարկե ախտաբանական փոփոխություններ», - ասաց թմրաբան կախվածությունների մասնագետ Սուրեն Նազինյանը:

Թմրաբանը սփայսի ախտանշաններն է շարում. երեխան պիտի մինչև տուն հասնելն արդեն նշաններ ունենար՝ վարքային փոփոխություն, ծիծաղկոտություն կամ տրամադրության անկում։ Գերդոզավորման, այսինքն թմրանյութով թունավորման հետևանք կարող էր լինել գիտակցության կորուստ, կոման։

«Դեռահասների դեպքում հատկապես եթե դա 12 տարեկան երեխա է, նույնիսկ 15-16 չի էլ, ուղղակի անչափահաս ասել, այս դեպքում ճիշտ էլ չի, այդ լրիվ երեխա է, 12 տարեկան երեխայի օրգանիզմը, հատկապես կենտրոնական նյարդային համակարգը լրիվ ձևավորված չի, իր օրգանիզմում բավականին խոցելի է, շատ անգամ ավելի խոցելի է, քան մեծահասակների օրգանիզմը», - ասաց Սուրեն Նազինյանը։

Մեծահասակների համար էլ սփայսը ոչ պակաս վտանգավոր է, շեշտում է թմրաբանը։ Հայաստանում ու աշխարհի մի շարք երկրներում այն արգելված է։ Ինչպե՞ս կարող էր սինթետիկ թմրամիջոցը երեխայի օրգանիզմում հայտնվել: Սուրեն Նազինյանը կոնֆետի միջոցով փոխանցելը քիչ հավանական է համարում:

Ոչ մի այլ երեխա չի վատացել. Այդ միակ թունավոր կոնֆետը մե՞կն է կերել. «Ինչ-որ մի մեխանիզմով երեխայի օրգանիզմում հայտնվել այդ նյութը. Հիմա դա կլիներ թե քաղցրավենիքի միջոցով, թե գլանակի միջոցով.... սինթետիկ կանաբինոիդներ ընդհանրապես կանաբինոիդների գործածման հիմնական եղանակը դա ծխելու եղանակն է»:

Տղան երկու օր առաջ է հիվանդանոցից դուրս գրվել, բայց դեռ մասնագետների հսկողության տակ է: Հարազատների խոսքով, հիշողությունը լիարժեք չի վերականգնվել, վախեր ունի:

Այս օրերին իրավապահները ուսուցիչներին ու աշակերտներին են կանչում հարցաքննության։ Ներքին գործերի նախարարի խոսքից հասկացանք, որ երեխան էլ է ինչ-որ բան կարողացել ասել քննիչներին։

«Երեխայի վիճակը, ըստ մեր տեղեկությունների, արդեն իսկ փոփոխության է ենթարկվել, որոշակի շփումներ նաև եղել են, երեխան ինքը որոշակի տվյալներ է նաև հաղորդել, երեխայի նշած ցանկացած տվյալ վստահ եղեք, որ ստուգվում է», - ասաց Արփինը Սարգսյանը:

Ենթադրվում է, որ կրկնակի փորձաքննություն կարվի վերջնական ճշգրտելու թմրամիջոցի առկայությունը դեռահասի օրգանիզմում։

«Առաջին անգամ լսեցի այդ անունը, այդ ի՞նչ է, այդ դեղի անունը ի՞նչ է, ես չգիտեմ էլ ինչ է։ Ի՞նչ են ասում այդ դեղին։ Թմրանյութ, չի եղել, նման բան չի եղել մեր մոտ։ Ես կարող եմ ասել մեր գյուղի երեխեքին կարաք սաղին հատիկ-հատիկ... չկա մեր գյուղում նման բան։ Մեր գյուղից հանգիստ, հարմար գյուղ չի լինի երևի մարզում», - ասաց Օրգովի բնակիչ Բաղդասար Զարոյանը։

Օրգովում ապշած են, տագնապած... փոքրիկ գյուղ է, աշակերտները 50-ից քիչ ավելի, բոլորի շարժը՝ բոլորի աչքի առաջ։ Ուզում են իրավապահները օր առաջ պարզեն՝ ինչպես է 12-ամյա երեխայի ճանաչողական էքսկուրսիան վերածվել ծանր թմրանյութի հետ ճանաչողական դժոխքի։