Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի անունը ընդգրկվել է այն գործիչների ցանկում, որոնց մուտքը Ադրբեջան արգելված է։
APA գործակալությանն այսօր այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։
Նման որոշման պատճառը Ռուսոպուլոսի՝ հայկական Alpha News լրատվամիջոցին տված հարցազրույցն է, որում ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանի նախագահին բռնապետ էր անվանել։
«Ռուսոպուլոսի անունը ներառվել է ԵԽԽՎ ևս 76 անդամների այն սև ցուցակում, որոնք աջակցել էին այդ կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման անարդար և իրավաբանական տեսանկյունից վիճահարույց նախաձեռնությանը» ,- նշել է Հաջիզադեն։
ԵԽԽՎ-ը 2024 թվականի հունվարի 24-ին չվավերացրեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ իր այդ աննախադեպ որոշման համար նշելով մի շարք պատճառներ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները։ Բաքուն, ի պատասխան, «անցանկալի անձանց» ցուցակում ներառեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության դեմ քվեարկողներին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարեց, թե ԵԽԽՎ-ում «Ադրբեջանի դեմ կողմնակալ ու կեղտոտ արշավ է սկսվել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային կառույցները ԵԽԽՎ-ին կոչ են անում չվերականգնել Բաքվի լիազորությունները, կամ պայմաններ դնել