ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհուրդ տալով Հայաստանին ընդունել համապարփակ հակախտրականության օրենսդրություն։
Հանձնակատարը ողջունել է Հայաստանի առաջընթացը, այդ թվում՝ նոր ոլորտային օրենսդրությունը և Քրեական օրենսգրքում ամրագրված երաշխիքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ ներգրավվածությունը։
Նշելով, որ Արդարադատության նախարարությունը պատրաստում է «Խտրականության կանխարգելման և պաշտպանության մասին» օրենքի նախագիծ՝ հանձնակատարը վարչապետին կոչ է արել օգտվել այս հնարավորությունից և ստեղծել ամուր հակախտրականության իրավական համակարգ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և բազմազան հասարակության կարիքներին։
Մայքլ Օ՛Ֆլահերիթն ընդգծել է, որ գործընթացը պետք է իրականացվի քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ խորհրդակցությամբ։
«Կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել հստակ սահմանված լիազորություններ՝ որպես հավասարության մարմին, համապատասխան իրավասություններով, լիազորություններով և ռեսուրսներով՝ արդյունավետորեն պայքարելու խտրականության դեմ և խթանելու հավասարությունը։ Այլ հարցերի թվում են՝ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավական հստակ պաշտպանությունը, հասարակական կազմակերպություններին հնարավորություն տալը՝ նախաձեռնելու կամ մասնակցելու հակախտրականության գործերին, ինչպես նաև ատելության խոսքի կարգավորումը»,- ասված է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի Փաշինյանին ուղված նամակում։