Եղվարդի խճուղում տապալված ծառ, մեկ զոհ, հարուցված քրեական գործ. ո՞վ է պատասխանատու

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Եղվարդի խճուղում՝ մայրուղուց մոտ երկու մետր հեռավորության վրա գտնվող ծառը երեկ տապալվել է Moped-ի ու մի մեքենայի վրա։ Moped-ի վարորդը մահացել է։

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ նա Թուրքմենստանի բնակիչ 50-ամյա Օմիրով Ուրալին է։

Եղվարդի խճուղի տանող ճանապարհի կիսաչոր ծառը Թուրքմենստանի քաղաքացու համար ճակատագրական չէր լինի, եթե քաղաքապետարանը ահազանգից հետո ծառն անմիջապես կտրելու իրավունք ունենար։

Քաղաքապետարանի կանաչապատում ու շրջակա միջավայրի պահպանություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Արմեն Բեգոյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ դեպքից ութ օր առաջ նամակ են ստացել, որ կիսաչոր ծառ կա ճամփեզրին, բայց ըստ նրա կտրելու իրավունք չունեին, քանի որ ուրիշի տարածքում է։

Տապալված ծառը ճամփեզրին էր, այս տարածքը բնակեցված չէ, ցանկապատած էլ չէ ու դրանից 50-60 մետր հեռավորության վրա մի կիսակառույց երկհարկանի տուն կա։ Արմեն Բեգոյանն ասաց՝ կիսաչոր ծառը հատելու մասին նամակին էլ պետք է արձագանքեին, որ դա ուրիշի սեփականության տարածքում էր, թե ո՞ւմ, ասաց չեմ պարզել։

«Մենք ունեցել ենք գրություն քաղաքացիներից, որին պատասխանել ենք, որ 15 օրվա ժամկետում այդ հարցին լուծում կտանք։ Հետո լրացուցիչ գրությունով պետք է պատասխանեինք այդ գրությանը, որ այդ ծառը գտնվում է սեփական տարածքում», - նշեց նա։

Արմեն Բեգոյանը, որի ղեկավարած հիմնարկը Երևանի կենտրոնի բազմաթիվ սաղարթախիտ ծառեր հատել ու փոխարինել է սակուրաների տնկիներով, ուզում է, որ այս ողբերգությունը դաս լինի ծառերի պաշտպաններին։ Ասում է, թե իրենք էլ տապալվող ծառերն են հատում, վտանգը կանխում, բայց դրան ընդդիմանում են մարդիկ։

Ողբերգության առիթով ծառահատումներին ընդդիմացողներին թիրախավորել ու նրանց մեղադրել, թե իրենց պատճառով այդ ծառերը չեն հատվում, մանիպուլյացիա է, ասում է Երևանի քաղաքապետարանի ավագանու «Նոր ուժ» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը. «Տվյալ դեպքում մենք խոսում ենք չորս ծառի մասին, որը բոլորս տեսել ենք՝ ինչ ձևով շրխկաց, և այն նույն տեղեկատվությամբ, որ վաղուց իրենց դիմել են, նրանք էլ այցելել են և այլն»։

Քաղաքային իշխանության կացնի բաժին են դարձել առողջ ծառեր ու բնապահպանները դրան են դիմադրել։ Չոր, փտած ու մարդկանց կյանքի համար վտանգավոր դարձած ծառերը հատելը քաղաքապետարանի ուղիղ պարտականությունն է, քննադատում է Քրիստինա Վարդանյանը, որ նախկինում կանաչապատման ՀՈԱԿ-ում է աշխատել։

Ընդդիմադիր խմբակցության անդամը, որ ակտիվ պայքարում է ծառահատումների դեմ, կարծում է, որ քաղաքապետարանը քաղաքացու ահազանգին պետք է արագ արձագանքեր ու ծառահատեր։

Այս դեպքով քրեական գործ է հարուցվել պաշտոնական անփութության հոդվածով։ Ո՞ւմ է ուղղված պաշտոնական անփութությունը, քաղաքապետարանի՞ն, Քննչականից չեն մեկնաբանում։