«Օրենքը՝ ընդդիմադիրի, անպատժելիությունը՝ իշխանության համար»․ Էդգար Ղազարյանին սպառնում է մանդատի կորուստ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյան, արխիվ

Եթե առաջիկա ամիսներին վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանները չվերանայեն Էդգար Ղազարյանի նկատմամբ առաջին ատյանի վճիռը, նա կզրկվի պատգամավորական մանդատից: Երկու օր առաջ նա մեղավոր ճանաչվեց Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ արատավոր տեղեկություններ տարածելու համար: Ինքը՝ ընդդիմադիր պատգամավորը, պնդում է՝ ընդամենը վարչապետի՝ ավելի վաղ հնչեցրած խոսքն է կրկնել:

«Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի մասին խոսելուց օգտագործել է «քաղաքական բուդկա» եզրույթը: Ես իմ հրապարակային խոսքում դա ասել եմ՝ կրկնելով, հղում անելով հեղինակին, ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տենց է ասել: Նիկոլ Փաշինյանին ժամանակին պատասխանատվության չեն ենթարկել, իմ մեղադրանքի մեջ էդ արտահայտությունը կա», - լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Հինգշաբթի օրը դատարանը որոշեց պատիժը չկիրառել, թե ինչու՝ առայժմ հստակ չէ. պաշտպանական կողմը դատական վճիռը դեռ չի ստացել: Սակայն եթե այս տեսքով անգամ այն մտնի ուժի մեջ, Ղազարյանի պատգամավորական լիազորությունները կդադարեն՝ Սահմանադրության համաձայն:

«Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար: Այսինքն՝ եթե էդ դատական վճիռը մնա անփոփոխ, մենք, իհարկե, կբողոքարկենք, բոլոր ատյանները սպառվի, մնա անփոփոխ, ինձ բանտային կալանք չի սպառնում, բայց պատգամավորի լիազորությունները իրավունքի ուժով կդադարեցվեն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ղազարյանի դեմ այս գործը հարուցվել է մեկ տարի առաջ, երբ նա տեսակետ էր հայտնել Սահմանադրական դատարանի մի որոշման վերաբերյալ: Հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ այդ որոշման մեջ դատավորները գնահատել էին նաև Անկախության հռչակագրի դերն ու նշանակությունը Սահմանադրության նախաբանում: Ղազարյանը հայտարարել էր՝ դատավորները Անկախության հռչակագիրը չպետք է քննեին, պնդելով՝ «այստեղ արդեն գործ ունենք սովորական տգիտության հետ»:

«Մենք լսում ենք հայհոյախոսություններ և իշխանական դաշտից՝ շատ կոպիտ, շատ գռեհիկ հայհոյախոսություններ, ամենաբարձր իշխանություններից ենք լսում, մենք լսում ենք սպառնալիքներ նրանցից, կիրառված սպառնալիքներ նաև տեսնում ենք՝ նրանք կիրառում են էդ սպառնալիքները, բայց մնում են անպատիժ, իսկ նրանք, ովքեր հայտնվում են ընդդիմադիր դաշտում կամ ընդդիմադիր դաշտից են նույն բառապաշարն օգտագործում, հայտնվում են իշխանությունների թիրախում և իրավապահ մարմինների թիրախում», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Հայհոյախոսությունը խոսքի ազատություն չէ, ընդգծում է իրավապաշտպանը, միաժամանակ նկատում. երբ իշխանական թեևն է այդ գործիքն օգտագործում, իրավապահները, որպես կանոն, ո՛չ քրեական գործ են հարուցում, ո՛չ հետամուտ լինում:

«Կհիշեք՝ ժամանակ առաջ գոնե Ֆեյսբուք սոցիալական հարթակում ինչ գռեհիկ հայհոյախոսության հեղինակներ էին Փաշինյանը և նրա տիկինը, և էդ հայհոյախոսությունը փոխադարձվում էր, տարածվում էր շատ ուժեղ: Ես, օրինակ, խուսափում էի մտնել ֆեյսբուք, որովհետև գիտեի՝ կմտնեմ և կկարդամ նման մի անպատկառություն: Բայց հենց Փաշինյանը ասաց՝ իրենք դադարում են, ամբողջը դադարեց, այսինքն՝ նրանցից է գալիս, երբ նա ասեց՝ «մենք էլ չենք անելու», դադարեց, ըստ էության, էդ աստիճանը և էդ մակարդակը չկա», - ընդգծեց Հարությունյանը:

Իրավապաշտպանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության առաջին տարում դատավորներին քննադատելով՝ «վնգստացող» անվանեց, բայց պատասխանատվության չկանչվեց:

Իրավապաշտպանները մինչ օրս նաև օրինակ են բերում գառնեցի տղամարդու դեպքը, որն իշխանական լրատվամիջոցի եթերում կոչ էր արել «քարով սատկացնել» Ամենայն Հայոց կաթողիկոսին: Այս խոսքերից շուրջ մեկ տարի անց նրան մեղադրանք չի առաջադրվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին, հերքում և 6 մլն դրամ է պահանջում Դատարանը մեղավոր ճանաչեց Էդգար Ղազարյանին