E5 երկրները համաձայնեցրել են Ուկրաինային աջակցության ձմեռային փաթեթը

Ուկրաինացի զինվորներն անօդաչուն պատրաստում են թռիչքի, Զապորոժիե, Ուկրաինա, 16-ը հոկտեմբերի, 2026թ.

Ամենամեծ պաշտպանական բյուջեներ ունեցող եվրոպական հինգ երկրների (E5 խումբ)՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները, երեկ Փարիզում կայացած հանդիպումից հետո, ի թիվս այլ բաների, համաձայնության են եկել Ուկրաինային աջակցության ձմեռային փաթեթի շուրջ:

E5-ի պաշտպանության նախարարությունների կայքերում հրապարակված համատեղ հայտարարությունում Ռուսաստանը նշվում է որպես եվրաատլանտյան անվտանգության և կայունության գլխավոր սպառնալիք:

«Ուկրաինային մեր աջակցության շրջանակում մենք պատրաստել ենք «ձմեռային օգնության փաթեթներ»», - Փարիզում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Նախարարի խոսքով, որին մեջբերել է dpa լրատվական գործակալությունը, E5 երկրները կանեն «հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու համար, որ ԱՄՆ-ն շարունակի աջակցել Ուկրաինային մատակարարումներով և, առաջին հերթին, հետախուզական և արբանյակային տվյալներով»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին դժգոհել է, որ ԱՄՆ ուշացնում է հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումները

Պիստորիուսը նաև հայտարարել է, որ հինգ երկրների ներկայացուցիչները համագործակցում են Ուկրաինայի հետ՝ մշակելու հակաօդային պաշտպանության համակարգ՝ ի հավելումն Patriot-ի և այլ առկա համակարգերի:

Այս առումով հանդիպման մասնակիցները կոչ են արել իրենց գործընկերներին ամրապնդել Կիևին ցուցաբերվող աջակցությունը: «Եվ դա պետք է արվի հենց հիմա: Ի վերջո, ամեն գիշեր Ռուսաստանի ճնշումը զգացվում է գրեթե յուրաքանչյուր ուկրաինական քաղաքում», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան:

Ավելի մեծ պատասխանատվություն

E5-ի պաշտպանության նախարարների համատեղ հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանը «եվրատլանտյան անվտանգության և կայունության համար ամենահրատապ և երկարաժամկետ սպառնալիքն է»։

«Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի իր սեփական անվտանգության համար ... Այս լրացուցիչ պատասխանատվությունը պետք է սկսվի ՆԱՏՕ-ի շրջանակում եվրոպացի դաշնակիցների ընդլայնված դերից»,- ասվում է փաստաթղթում։ Նաև նշվում է, որ Միացյալ Նահանգները «մնում է և կմնա E5 երկրների անփոխարինելի դաշնակիցը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին և Ռուբիոն «բովանդակալից զրույց» են ունեցել, քննարկել մի շարք հարցեր

Հայտարարությունում երկրները նաև վերահաստատում են Ուկրաինային աջակցելու իրենց «անսասան հանձնառությունը»։ «Ուկրաինայի ինքնապաշտպանության կարողությունը՝ թե՛ հիմա, թե՛ ապագայում, կարևորագույն նշանակություն ունի եվրաատլանտյան կոլեկտիվ անվտանգության համար», - ասվում է տեքստում։

E5 երկրներն աջակցում են Ուկրաինային «հուսալի անվտանգության երաշխիքներով կայուն խաղաղության հասնելու» նրա ջանքերում և անհրաժեշտ են համարում երկրին համապարփակ քաղաքական, ռազմական և ֆինանսական աջակցությունը։