Ձերբակալվել է Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավարը

Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր հայտնել է երկրի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի ձերբակալության մասին։ Նրան առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել։

Դատախազության պնդմամբ՝ Լիլուաշվիլին կաշառքներ է ստացել մի շարք շինարարական ընկերություններից և անհատ գործարարներից։

«Վրաստանում գործունեություն ծավալած թուրք ներդրողներից մեկից Լիլուաշվիլին 1 միլիոն դոլարի կաշառք է ստացել։ Վրաստանի քաղաքացի հանդիսացող գործարարներից մեկից էլ Լիլուաշվիլին ևս 1 միլիոն 300 հազար դոլարի կաշառք է ստացել՝ անօրինական հեռախոսային սպասարկման կենտրոնների գոյությունը թաքցնելու համար»,- նշված է դատախազության հայտարարության մեջ։