Ձերբակալվել է Անապայի բնակիչ, որը, ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ հետևել է Սոչիում պաշտոնյաների տեղաշարժին

ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՍՈՉԻ - 2023թ. հունիսի 9։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Բոչարով Ռուչեյի նստավայրում։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Անապայի բնակչի ձերբակալության մասին՝ պնդելով, թե նա ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ տվյալներ է հավաքել ռազմական օբյեկտների վերաբերյալ։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածը նաև հետաքրքրվել է Կրասնոդարի երկրամասի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների շուրջ տեղեկություններով, ինչպես նաև Սոչիում հատուկ պահպանության տակ գտնվող օբյեկտներ՝ պետական պաշտոնյաների և օտարերկրյա պատվիրակությունների ժամանման ժամանակացույցերով։

ԱԴԾ-ն նաև հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ պետական դավաճանության հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Կասկածյալի անունը չի հրապարակվում, նաև հայտնի չէ նրա կամ պաշտպանական կողմի դիրքորոշումը։ Հայտնի է միայն, որ նա ծնվել է 1980 թվականին։

«Մեդուզա»-ն, անդրադառնալով ԱԴԾ-ի հայտարարությանը, նշում է, որ Սոչիում է գտնվում ՌԴ նախագահի՝ «Բոչարով Ռուչեյ» նստավայրերից մեկը, որտեղ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդունել է օտարերկրյա առաջնորդների։

Մինչև 2022 թվականը այնտեղ պարբերաբար անցկացվել են նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ խորհրդակցություններ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է ՈւկրաինանՌԴ-ն հայտնում է, որ Դուբայում ձերբակալվել է բարձրաստիճան գեներալի վրա կրակելու մեջ կասկածվող անձը