Հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական վարույթի շրջանակում ևս 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Տեղեկությունը հայտնում են Քննչական կոմիտեից:
Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է առաջադրվել Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանին, ով այս պահին փոխարինում է կալանավորված աներոջը՝ Վարդան Ղուկասյանին: Առաքելյանը ձերբակալված չէ:
Նոր մեղադրանք է առաջադրվել նաև Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, ով այժմ կալանքի տակ է: Ավելի վաղ կրտսեր Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել հարկադրանքով շորթում կատարելու, խուլիգանության և այժմ նաև՝ զանգվածային անկարագություններին մասնակացելու հոդվածներով:
Մեղադրանք է առաջադրվել և ձարբակալվել են Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանը և Ղուկասյանի օգնականը:
Օրեր առաջ Ավետիս Առաքելյանը «Ազատության» հետ զրույցում կանխատեսել էր, որ իր դեմ հնարավոր է գործողություններ տեղի ունենան և հայտնվի անազատության մեջ, նշել էր, թե ինքը ամեն ինչի պատրաստ է. «Ճիշտն ասած, մենք էդ խոչընդոտներին միշտ դիմակայել ենք և առաջ ենք գնում։ Ընդհանուր գործընթացը ինչ-որ թիրախային խոչընդոտներ էս պահին չի նկատվի, կարող է ինչ-որ իմ անձի հետ կապված հայտարարություններ լինեն, ինչ-որ բաներ ասեն...Ամեն ինչի սպասում եք, ամեն ինչի պատրաստ ենք, ոչ մի խնդիր չունենք», - հարցազրույցում ասում էր Ավետիս Առաքելյանը:
Այս վարույթը հարուցվել էր հոկտեմբերի 20-ին, երբ Գյումրիում ձերբակալեցին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Այդ օրը Գյումրիի կենտրոնում բախում տեղի ունեցավ Ղուկասյանի աջակիցների և ոստիկանության միջև: 4 տասնյակից ավելի մարդկանց մեղադրանք առաջադրվեց զանգվածային անկարգություններին մասնակցելու, դրդելու, ինչպես նաև արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով: Առաջին հոդվածը մինչև 8 տարվա ազատազրկում է նախատեսում: Այս պահին 2 տասնյակից ավելի մարդիկ գտնվում են անազատության մեջ: