Այսօր մրցակցի հարկի տակ՝ Ռիգայում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Լատվիայի ընտրանու հետ։ Ազգերի լիգայի այս մրցաշարը Հայաստանի հավաքականը մեկնարկել էր հենց Լատվիայի նկատմամբ հաղթանակով՝ 2:0 հաշվով։
Լատվիա-Հայաստան խաղից առաջ Ռիգայում «Ազատության» հարցերին են պատասխանել հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և հարձակվող Արթուր Սերոբյանը։
«Ազատություն». - Արթուր, հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականը 3-րդ տեղում է խմբում, ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար Լատվիայի դեմ առաջիկա հանդիպումը։ Ի՞նչն է լինելու թիմի հիմնական մոտիվացիան։
«Դուրս ենք գալիս խաղադաշտ՝ հաղթելու». Սերոբյան
Արթուր Սերոբյան. - Իմ կարծիքով՝ կապ չունի, թե որ տեղում ենք։ Հավաքականում ամեն խաղ՝ կապ չունի՝ ընկերական, թե պաշտոնական հանդիպում, մենք դուրս ենք գալիս խաղադաշտ միայն հաղթելու համար, և ամեն խաղ շատ կարևոր է մեզ համար։
«Ազատություն». - Անցկացրած հանդիպումների ժամանակ, թիմը ունեցավ լավ պահեր ուներ, բայց չէր կարողանում դրանք վերածել արդյունքի։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է այսօր ամենից շատ պակասում Հայաստանի հավաքականին՝ որա՞կ, կայունությո՞ւն… գլխավոր մարզիչն, օրինակ, հաճախ է նշում, որ առայժմ չենք կարող ստանալ ստաբիլ հաղթող հավաքական։
Արթուր Սերոբյան. - Իմ կարծիքով, չէի ասի, որ ինչ-որ բան պակասում է, որովհետև սա ֆուտբոլ է․ կարող ես ունենալ բազմաթիվ պահեր ու չօգտագործել և օգտագործել։ Թե՛ Կիպրոսի հետ հանդիպումը, թե՛ դրանից առաջ անցկացրած հանդիպումները ցույց են տվել, որ թիմն ունի ֆուտբոլային գաղափար, թե ինչպես պետք է հանդես գալ, որակ, որը ցույց ենք տվել, և երկրպագուներն էլ են տեսել այդ ամենը։ Իմ կարծիքով՝ վերջին խաղում բախտի գործոնը կամ հենց այդ պահերի չիրացումը չհերիքեց, որ հաղթենք։ Բայց նորից եմ ասում՝ դա ֆուտբոլ է, հիմա պատրաստվում ենք այսօրվա խաղին, որը մեզ համար շատ կարևոր է։
«Ազատություն». - Տրամադրվածությունն ինչպե՞ս է։
Արթուր Սերոբյան. - Տրամադրվածությունը շատ լավ է։ Անցած խաղից հետո փորձել ենք ինչ-որ չափով վերականգնվել, դեռ ժամանակ ունենք, պատրաստվում ենք, որպեսզի բոլոր ուժերը ներդնենք այսօրվա խաղի մեջ։
«Եթե ընդունեի պատրաստի հավաքական, կհամարեի ձախողում». Մելիքյան
«Ազատություն». - Պարոն Մելիքյան, եթե հաշվի առնենք, որ խմբում շանսերի մասին չենք կարող խոսել, կուզեի նաև Ձեր կարծիքը լսել՝ ի՞նչ նշանակություն ունի այս հանդիպումը հավաքականի համար։
Եղիշե Մելիքյան. - Այո՛, կարևոր խաղ է մեզ համար։ Մենք ոչ միայն պետք է մտածենք միավորներ հավաքելու մասին, այլև այն երիտասարդ թիմը, որ ունենք, կայունություն և հաղթանակի հոգեբանություն ձեռք բերել, որովհետև երկար տարիներ դա պակասել է մեր հավաքականում, մենք ցանկանում ենք դա ունենալ։ Պայքարի թիմային ոգի ունենք, հաղթանակինն էլ ենք ուզում ունենալ, բայց այդ ճանապարհի վրա ենք։ Կաշխատենք, որ այսօր մեզ մոտ ստացվի հաղթել, ուզում ենք ստանալ այդ հաղթանակի հաճույքն ու կարևորությունը։ Կփորձենք ամեն ինչ անել, բայց այստեղ հեշտ չէ հաղթելը․ իրենք տանը շատ լավ և մրցակիցների համար շատ դժվար ֆուտբոլ են խաղում։ Դրա համար կփորձենք անել ամեն ինչ հաջողության հասնելու համար, բայց մեզ շատ դժվար խաղ է սպասվում։
«Ազատություն». - Մոտիվացիայի մասով՝ ինչպե՞ս եք պատրաստվում թիմին տրամադրել։
Եղիշե Մելիքյան. - Մենք կոլեկտիվի մեջ ստեղծել ենք մրցակցություն։ Ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ ամեն խաղ՝ անկախ ամեն ինչից, թե ինչպես է ընթանում, ինչ հաշիվ է, կապ չունի, իրենք պետք է խաղադաշտում ցույց տան մաքսիմալը, որ չկորցնեն իրենց տեղը մեկնարկային կազմում։ Դա մոտիվացիաներից մեկն է։ Երկրորդը՝ մենք մեր երկիրը, մեր ֆուտբոլն ենք ներկայացնում, պետք է լավագույնը ցույց տանք։ Չեմ կարծում, թե մենք մոտիվացիայի կարիք ունենք։ Վստահ եմ, որ միավորի կարիք ունենք, թե ոչ, մեզ չի խանգարելու։ Մաքսիմալ մոտիվացիա ունենք։
«Ազատություն». - Այս մրցաշարում Հայաստանի հավաքականը չկարողացավ հասնել այն արդյունքին, որին սպասում էին երկրպագուները։ Ո՞րն եք համարում ձախողման գլխավոր պատճառը՝ ռեսուրսի՞ խնդիրը, խաղային որա՞կը, ֆուտբոլիստների անհատական սխալնե՞րը:
Եղիշե Մելիքյան. - Ձախողում չեմ համարում։ Եթե ես ընդունեի պատրաստի, կայուն հավաքական, կհամարեի ձախողում։ Ես ընդունել եմ հավաքական, որտեղ ունեցել են մեծ խնդիրներ։ Կառուցողական աշխատանքի մեջ եմ, և մեկ տարի է, որ աշխատում եմ այս հավաքականում։ Դա երկար ժամանակ չէ, երբ ուզում ես նոր հավաքական ստանալ, սերնդափոխություն անել, կայուն խաղ, կայուն արդյունք և հաղթանակներ ստանալ։ Դա այդքան էլ հեշտ ճանապարհ չէ։ Այո՛, մեզ չհաջողվեց, անհաջող խաղեր ունեցանք, ցավում եմ, որ չկարողացանք այս տարի մեր հարցերը լուծել, բայց ոչ ձախողում։ Ինչո՞ւ, որովհետև երբ նայում եմ, մեր մեկ տարվա աշխատանքով շատ հարցեր լուծվել և լուծվում են, մենք այդ ճանապարհի վրա ենք։ Երբ ճիշտ ուղու վրա ենք, ես ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն։
Վերջին տուրի հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականն ունի 5 միավոր և կավարտի Ազգերի լիգայի այս փուլը երրորդ տեղում։