«Դոժդ»-ի գլխավոր խմբագրին Մոսկվայում հեռակա 8 տարվա ազատազրկման են դատապարտել

«Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկո, արխիվ

Մոսկվայի Գոլովինսկի շրջանի դատարանը հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման է դատապարտել «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոյին և 250 հազար ռուբլի (մոտ 3 հազար 400 դոլար) տուգանք նշանակել նրա նկատմամբ՝ ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու և «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը խախտելու մեղադրանքներով:

Ռազմական «ֆեյքերի» գործի առիթը, ըստ «Մեդիազոնա»-ի, Բուչայից լրագրող Պյոտր Ռուզավինի ռեպորտաժին և Կիևի մարզում ռուս զինվորականների հանցագործությունների մասին The New York Times-ի հետաքննությանը հղումներն են Ձյադկոյի տելեգրամյան ալիքում 2022 թվականի հուլիսին և դեկտեմբերին:

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի խախտում «Դոժդ»-ի խմբագրին վերագրել են հրապարակումներում համապատասխան մակնշումների բացակայության պատճառով:

2022-ին ՌԴ արդարադատության նախարարությունը Ձյադկոյին «օտարերկրյա գործակալ» է հռչակել, անցած տարի ապրիլին ՌԴ ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ, նույն տարվա հոկտեմբերին էլ խմբագրին ընդգրկել են «Ռոսֆինմոնիտորինգ» գործակալության «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում:

Այս տարվա փետրվարին հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման է դատապարտվել Ձյադկոյի կինը՝ «Դոժդ»-ի հաղորդավարուհի Եկատերինա Կոտրիկաձեն, նույնպես ռազմական «ֆեյքեր» տարածելու և «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը խախտելու հոդվածներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Դոժդ» հեռուստաալիքը Նիդեռլանդներում հեռարձակման արտոնագիր է ստացել «Դոժդ» հեռուստաընկերության ղեկավարը հեռացել է Ռուսաստանից