«Թաքնվելու ոչ մի տեղ». ըստ ՄԱԿ-ի զեկուցողի՝ ՌԴ-ն իր քննադատներին արտերկրում հետապնդելու համակարգ է ստեղծել

Լուսանկարում՝ Մարիանա Կացարովան, ախրի

Ռուսաստանը ստեղծել է իշխանություններին քննադատողներին, այդ թվում՝ արտասահման փախածներին, վերահսկելու, սպառնալու, հետապնդելու և պատժելու, ինչպես նաև երկրում մնացած նրանց հարազատներին ճնշելու պետական համակարգ, ասվում է սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարիանա Կացարովայի զեկույցում, որը ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։

Զեկույցում, որը կոչվում է «Թաքնվելու ոչ մի տեղ. «վախի գերակայության» արտահանումը երկրի սահմաններից դուրս. Ռուսաստանի Դաշնության անդրազգային բռնաճնշումները», նշվում է, որ այն հիմնված է այսպես կոչված անդրազգային բռնաճնշումների մոտ 400 փաստաթղթավորված դեպքերի վրա, այսինքն, երբ Ռուսաստանի իշխանությունները երկրից փախած քաղաքացիներին պատժելու փորձեր են արել:

Միջազգային իրավունքի խախտում

Կացարովան Ռուսաստանի կողմից իրականացվող միջազգային բռնաճնշումները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում, որը սպառնում է այն պետությունների ինքնիշխանությանը, որտեղ ապրում են Ռուսաստանի կառավարության՝ երկիրը լքած քննադատները։

«Անդրազգային բռնաճնշումներն արտասահմանում առանձին միջադեպերի շարք չեն։ Դրանք նույն կառուցվածքային, պետության կողմից հովանավորվող ճնշման համակարգի շարունակական կիրառումն են Ռուսաստանից դուրս, որը ես փաստաթղթավորել եմ երկրի ներսում», - նշել է հատուկ զեկուցողը։ «Ռուսաստանից հեռանալը չի նշանակում հետևում թողնել ռուսական բռնաճնշումները»,- հավելել է նա։

Նման ճնշման ամենադաժան, բայց համեմատաբար հազվագյուտ դեպքերը սպանության փորձերն են, հարձակումները և թունավորման փորձերը: Զեկույցում նշվում են լրագրողներ Ելենա Կոստյուչենկոյի և Իրինա Բաբլոյանի, ինչպես նաև «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի ղեկավար Նատալյա Արնոյի ենթադրյալ թունավորման դեպքերը: Ընդորում, իրավապահ մարմինները պաշտոնապես որևէ մեղադրանք չեն առաջադրել այս դեպքերի կապակցությամբ:

Հեռակա կարգով դատապարտում

Ըստ զեկույցի՝ ամենից հաճախ Ռուսաստանի իշխանությունները կիրառում են փախուստի դիմած անձանց հեռակա կարգով դատապարտելու պրակտիկան, ապա փորձում են հասնել այդ անձանց արտահանձնմանը:

«Այսօր ճնշումներն իրականացվում են ձերբակալման օրդերների, տվյալների բազաների, բանկերի և թվային համակարգերի, դատերին հանրության մասնակցությանը դեմ ռազմավարական հայցերի և լիազորված անձանց միջոցով: Ռուսաստանի Դաշնությունն ամենահաճախն է օգտագործում Ինտերպոլի կարմիր ծանուցագրերը», - նշում է Կացարովան:

Ըստ ուսումնասիրության հեղինակի՝ ՌԴ Ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայության՝ Ռոսֆինմոնիտորինգի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակն օգտագործվում է ցուցակագրված ռուսների արտասահմանյան հաշիվներն արգելափակելու փորձեր անելու համար: Զեկույցում բերվում են մի շարք աղմկահարույց դեպքեր, այդ թվում՝ Մանսուր Մովլաևի դեպքը:

Մինչև 900,000 մարդ է լքել Ռուսաստանը

Նաև հիշատակվում է վերջերս ընդունված օրենքը քաղաքական հանցագործությունների համար դատապարտված և արտասահմանում բնակվող ռուսների ընտրական իրավունքից զրկելու մասին։

Ուսումնասիրությունում նաև մեջ նշվում է, որ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր, երբ Մոսկվան զորահավաք հայտարարեց, Ռուսաստանը լքել է 650,000-ից 900,000 մարդ։ Հեռակա կարգով գրանցված դատավճիռների թիվը 2022 թվականի չորսից աճել է և 2025 թվականին հասել 157-ի։

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է արել մշակել ՄԱԿ-ի կոնվենցիա՝ միջազգային հաշվեհարդարների դեմ պայքարելու համար։