«Դոգն» այս ամիս դուրս կգա բանտից և կառաջնորդի ԴՕԿ դաշինքը

ԴՕԿ առաջնորդ Վարդան Ղուկասյան և նրա փաստաբան Լևոն Բաղդասարյան, կոլաժ

ԱՄՆ-ում կալանավորված «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանն այս ամիս դուրս կգա Հենդերսոնի բանտից: Ղուկասյանը, որ գրեթե տասն ամիս Միացյալ Նահանգներում անազատության մեջ էր և բողոքարկել էր միգրացիոն դատարանի որոշումը, փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով, որոշել է այլևս չսպասել Վերաքննիչ դատարանի որոշմանը և ԱՄՆ-ից առաջիկայում կմեկնի երրորդ երկիր: Ըստ փաստաբանի, կարգն է այդպիսին. եթե անձը դուրս է գալիս բանտից, ապա ողջամիտ ժամկետում պետք է կատարի դատարանի որոշումը և լքի երկիրը, հակառակ պարագայում տույժերի կենթարկվի:

«Այս պահի դրությամբ, այո, որոշում է կայացրել, որ անկախ նրանից՝ միգրացիոն Վերահսկիչ դատարանը, այսպես ասած, ինչ վճռի կկայացնի՝ կբավարարի բողոքը իր, թե՝ ոչ, որոշում է կայացրել , որ դեկտեմբերի վերջին դուրս է գալու և գնա երրորդ երկիր», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Ամերիկյան դատարանի որոշման համաձայն՝ Վարդան Ղուկասյանը խախտել է այդ երկրի միգրացիոն կարգը, հետևաբար՝ նա պետք է լքի երկիրը: Ամերիկյան դատարանը միաժամանակ մերժել էր Հայաստանի իշխանությունների՝ Ղուկասյանին արտահանձնելու պահանջը: Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված՝ շորթման, բռնության կոչերի, դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար, Ղուկասյանը, սակայն, մեղադրանքները չի ընդունում:

Թե որ երկիր է մեկնելու Վարդան Ղուկասյանը, փաստաբան Լևոն Բաղդասարյանը փակագծեր չի բացում: Նրա պնդմամբ՝ այս պահին ԴՕԿ ղեկավարը հինգ երկրից հրավեր է ստացել: Այդ երկրները, ըստ փաստաբանի, Ղուկասյանին հատուկ վիզա են տրամադրելու՝ ապահովելով նրա կեցությունն ու անվտանգությունը:

«Վերջնական որոշումը կկայացնի դուրս գալուց հետո, որի վերաբերյալ կիրազեկվեք», - ասաց Բաղդասարյանը:

«Ազատության» հարցին՝ Ռուսաստանը կա՞ այդ երկրների ցանկում, փաստաբանն արձագանքեց. - «Հինգ երկիր տվել են իրենց հատուկ վիզայի կարգավիճակի, այսպես ասած, և որ պահին որոշումը կկայացվի, թե որ երկիր է գնալու, բացառապես այդ երկրի անունը կտրվի Ձեզ»:

Հարցին էլ՝ «այդ պետությունների կողմի՞ց, միգրացիոն ծառայությունների կողմի՞ց ինքը ունի արդեն [հրավեր]», Բաղդասարյանը պատասխանեց. - «Վիզայի երկու տարբերակ կա: Մի տարբերակը՝ երբ դուրս է գալիս, գնում է երրորդ երկիր և փնտրում է տվյալ երկրից ապաստան՝ կացություն, անվտանգություն և այլն, և հատուկ վիզայի կարգավիճակ կա՝ տվյալ դեպքում էն, ինչ որ օգտվելու է պարոն Ղուկասյանը, որ մինչև տվյալ երկիր հասնելը տվյալ պետությունը արդեն տալիս է երաշխիքներ իր անվտանգության, կեցության և մնացյալի հետ կապված»:

Վերջերս ԴՕԿ դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար նշանակված Լևոն Բաղդասարյանն ասում է, թե իր խորհուրդն է եղել Վարդան Ղուկասյանին՝ չսպասել Վերաքննիչ դատարանի որոշմանը, որը կարող է ամիսներ տևել, և դուրս գալ Հենդերսոնի ձերբակալվածների պահման վայրից: Ըստ փաստաբանի՝ ազատության մեջ լինելով Ղուկասյանն ավելի ակտիվ կկարողանա մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններին:

Ի դեպ, ԴՕԿ-ը որոշել է վեց ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցել: Թե քանի կուսակցությունից է բաղկացած դաշինքը, ԴՕԿ-ի նախընտրական շտաբի ղեկավարն առայժմ փակագծեր չի բացում, բայց ասում է, որ բազմաթիվ ուժեր հերթ էին կանգնել Վարդան Ղուկասյանի շուրջ համախմբվելու համար:

Նախկինների ու ներկա իշխանության հետ կապ ունեցողներին, սակայն, ինչպես նաև ԴՕԿ-ի հետ հավասար ձևով դաշինք կազմելու առաջարկ անողներին մերժել են, կամ ինչպես Վարդան Ղուկասյանը ձևակերպեց իր վերջին հարցազրույցում՝ անգլերեն լեզվով հաջողություն է մաղթել. - «Սիրելի քաղաքական գործիչ, գուդբայ մայ ֆրենդ: Անգլերեն եմ խոսում, Ղուշչյան ջան, տենըմ ե՞ս, ահա»:

«Մեղմ եմ ասում՝ հերթի տակ էին էդ քաղաքական ուժերը և մնացյալը, ովքեր ցանկանում էին իրենց առաջարկությունը ներկայացնել: Սկզբունքը ԴՕԿ դաշինքի պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի եղել է հետևյալը, որ բացառապես բոլորը կարող են առաջարկություն ներկայացնել՝ բացառությամբ ուղղակի, անուղղակի էն քաղաքական ուժերի, ովքեր կապ են ունեցել նախկինների և էսօրվա գործող իշխանության հետ», - ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Իր հայհոյախառն եթերներով հայտնի Վարդան Ղուկասյանը ԴՕԿ դաշինքի նախընտրական ցուցակում չի լինի, բայց ինչպես նրա նախընտրական շտաբի ղեկավարը նշեց՝ «Դոգը» լինելու է գլխավոր դերակատարը:

«Վարդան Ղուկասյանը լավագույն ցանկության դեպքում չի կարող լինել ցուցակում, քանի որ ներպետական օրենքը դա կարգավորում է, բայց որպես իրավապաշտպան ասեմ՝ Վարդան Ղուկասյանը լինելու է գլխավոր դերակատարը և՛ նախընտրականի, և՛ մնացյալի, և մեր ներպետական օրենսգիրքը այդ գործիքակազմը ունի», - նշեց Բաղդասարյանը՝ խոստանալով, որ «երբ ցուցակը վերջնական պատրաստ լինի, էն ժամանակ կհրապարակվի»:

Ինչ վերաբերում է անձամբ իրեն՝ փաստաբանն ասաց. - «Ես ցանկություն չունեմ ոչ միայն ցուցակում լինելու, այլ մինչև այս պահը ես կուսակցական էլ չեմ եղել, բնավ ցանկություն չունեմ»:

Տևական ժամանակ ուղիղ եթերներից զրկված ու հայաստանյան քաղաքական անցուդարձին մեկուսարանից հեռախոսային ձայնագրություններով անդրադարձող ԴՕԿ կուսակցության ղեկավարը, օրերս «Փակ TV»-ի հետ զրույցում ասել է, թե 2026-ի խորհրդարանական ընտրություններում 25 տոկոսից ավելի ձայն ստանալու ակնկալիք ունի. - «Էն որ պետք է լինի 25 տոկոսից ավելին, ես հակված եմ դրան, դա ամենա ամենա ամենավատագույն ցուցանիշն ա լինելու»:

Միջազգային հանրապետական ինստիտուտի այս հուլիսին անցկացված հարցումների արդյունքով՝ Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցության օգտին պատրաստ է եղել քվեարկել ընտրողների միայն 1 տոկոսը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Դոգը» դեռ անազատության մեջ է. ամերիկյան դատարանը կքննի նրան ազատ արձակելու հարցը «Դոգին» չեն արտահանձնի Հայաստան. փաստաբան«Դոգը» հորդորում է Փաշինյանին ժողովրդին չտանել բախմանՎարդան Ղուկասյանը մեղադրվում է «երեխաների պոռնոգրաֆիկ նկարներ տարածելու համար». փաստաբանն ասում է՝ օգնել է հանցանքի բացահայտմանըՎարդան Ղուկասյանի նկատմամբ արդար դատաքննության պահանջով ցույց Երևանում՝ ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց