Կիևը Դնեպրոպետրովսկի մարզի 16 բնակավայրից երեխաների տարհանում է հայտարարել

Ուկրաինա - Ռուսական զորքերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում Դնեպրում, հունիս, 2026թ.

Ռուսական հարձակումների ակտիվացման և ռուսական զորքերի առաջխաղացման ֆոնին՝ Ուկրաինայի իշխանությունները կարգադրել են երկրի կենտրոնական-արևելյան Դնեպրոպետրովսկի մարզի բնակավայրերից տարհանել գրեթե 2 հազար 200 երեխայի և նրանց խնամակալներին։

Պարտադիր տարհանում է հայտարարվել մարզկենտրոն Դնեպրից արևելք գտնվող 16 բնակավայրերում։ Լուրը հաղորդում է France-Presse-ը՝ հղում անելով մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսանդր Գանժայի սոցիալական ցանցերում արված հրապարակմանը։

«Մեկ ամսվա ընթացքում երեխաներ ունեցող ընտանիքները պետք է լքեն այս տարածքները։ Ծնողները, խնամակալները կամ օրինական ներկայացուցիչները պետք է 2 հազար 177 երեխաների տեղափոխեն ավելի անվտանգ շրջաններ», - հայտնել է Գանժան։

Նրա խոսքով՝ տարհանվածներին կտեղափոխեն տարանցիկ կենտրոններ և կօգնեն նոր բնակարաններ գտնելու հարցում։

Դնեպրոպետրովսկի մարզը հաճախակի ենթարկվում է Ռուսաստանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումների։

ՄԱԿ-ի տվյալներով՝ հուլիսին Ուկրաինայում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է ռուսական ներխուժման առաջին ամիսներից ի վեր ամենաբարձր մակարդակին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարվածից զոհվել է երկու մարդԶելենսկի․ Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի մարզին հարվածել է հյուսիսկորեական հրթիռով