«Ականատես» դիտորդական առաքելությունը մարդկանց ուղղորդված մասնակցություն է արձանագրել Գյումրիում նախօրեին կայացած «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնին, որի շրջանակներում ելույթ է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Վարչաբենդ» խումբը։
Մասնավորապես, առաքելությանը փոխանցված տեղեկությունների համաձայն՝ Ախուրյան համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմերին հրահանգվել է ապահովել պարտադիր ներկայություն միջոցառմանը։ Ըստ տեղեկությունների՝ աշխատակիցներից պահանջվել է նաև կազմակերպել տեղափոխումը սեփական տրանսպորտային միջոցներով։
«Ականատեսը» հայտնում է նաև, որ տեղեկություններ է ստացել կրթական այլ հաստատությունների ուղղորդման վերաբերյալ ևս։ Ահազանգերի համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Ախուրյանի դպրոցների տնօրինություններին տրվել են համապատասխան ցուցումներ՝ մանկավարժական կոլեկտիվների մասնակցությունը համերգին ապահովելու նպատակով։
Վարչապետն աջակիցների, կուսակիցների հետ երեկ Գյումրիում էր: Հանրային միջոցառմանը մասնակիցներ կային նաև, ինչպես պնդում էին, Գեղարքունիքի մարզից տարբեր շրջաններից:
ՔՊ-ից դեռևս չեն մեկնաբանել դիտորդների պնդումները: