Դիանա Գասպարյանի և ընտանիքի անդամների գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Վաղարշապատի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի և ընտանիքի անդամների վերաբերյալ նախաքննությունն ու քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու նպատակով։

Ըստ իրավապահների՝ պարզվել է, որ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը, ամուսինը, սկեսրայրի ու սկեսուրի օգնությամբ չարաշահել է իշխանական և ծառայողական լիազորությունները՝ վնաս հասցնելով պետության և համայնքի շահերին։ Ինչպես նաև, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, նրա և իր մերձավորների գործողություններում արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Նրանցից ոչ մեկը նախաքննության ընթացքում չի կալանավորվել:

Ոչ Դիանա Գասպարյանը, ոչ նրա ամուսինը և ոչ էլ սկեսրայրն այսօր չպատասխանեցին «Ազատության» զանգերին, չհաջողվեց պարզել նրանց դիրքորոշումը մեղադրանքի առնչությամբ։

Տարվա սկզբին «Ազատությունը» բացահայտել էր, որ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել իր սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ՝ նրանից սեղմված բնական գազ գնելով համայնքի համար։ Ավելի վաղ նրա ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում։ Սրան զուգահեռ պարզվել էր, որ Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հայտարարագրում էական անհամապատասխանություններ կան նրա եկամուտների և հայտարարագրած դրամական միջոցների միջև։ ՔՊ-ական համայնքապետի ընտանիքին առնչվող վերջին պատմությունն էլ, որ ողբերգական ավարտ ունեցավ, Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած սպանությունն էր:

37-ամյա Դիանա Գասպարյանը պաշտոնը լքելու մասին հայտնեց մայիսին՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին

Իրավապահների այսօր հրապարակած ծավալուն հաղորդագրությունը այլ ուշագրավ փաստեր է ջրի երես հանում: Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկանում ենք, որ Գասպարյանը նպատակ է ունեցել Էջմիածին քաղաքի Տերյան փողոցում գտնվող համայնքին պատկանող հողամասը դարձնել ընտանիքին պատկանող։ Այդ նպատակով կազմակերպվել է ձևական աճուրդ, որտեղ համայնքապետի ամուսնու հոր հանձնարարությամբ և ֆինանսավորմամբ, նրա հետ փոխկապակցված անձը մասնակցել է աճուրդին և 2022 թվականին ճանաչվել հաղթող՝ որպես միակ մասնակից։ Արդյունքում՝ շուրջ 189 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը օտարվել է ավելի քան երեքուկես անգամ ցածր գնով՝ մոտ 52 միլիոն դրամով։ Փաստացի այդ գույքը հայտնվել է համայնքի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների վերահսկողության տակ։

Դրանից հետո, նույն սխեմայով նախկին քաղաքապետի սկեսրայրը դիմել է համայնքապետարան՝ խնդրելով իրեն արդեն «պատկանող» հողամասին կից համայնքային նշանակության հողամասը ևս վաճառել ընդլայնման նպատակով։ Քաղաքապետ հարսը, խախտելով օրենքի և կառավարության որոշումների պահանջները, այդ հողամասը վաճառել է ոչ թե աճուրդով և ավագանու որոշմամբ, այլ ուղղակի եղանակով: Ավելին՝ մոտ 54 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող գույքը օտարել է շուրջ 5.5 միլիոն դրամով, այսինքն՝ գրեթե տասն անգամ ավելի էժան։ Գույքը մի քանի անգամ ձևական առուվաճառքի պայմանագրերով վաճառվել է համայնքապետի ընտանիքի հետ փոխկապակցված այլ անձանց։

Իսկ երկու տարի առաջ էլ այդ գույքը 63.5 միլիոն դրամով վաճառվել է համայնքապետի ամուսնու մորը՝ Ռուզաննա Ասատրյանին, որն էլ այն ներդրել է իր կողմից հիմնադրված ընկերությունում։ Հետագայում, արդեն համայնքապետ Գասպարյանի որոշմամբ, այդ հողամասի մի մասի գործառնական նշանակությունը փոխվել է՝ հասարակականից դարձնելով բնակելի կառուցապատման տարածք։ Այնուհետև գույքը բաժանվել է տարբեր հասցեների, և տրամադրվել են բնակելի տների կառուցման թույլտվություններ։

Այս գործողությունների համար Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հոդվածներով։ Գասպարյանին օժանդակելու և փողերի լվացման համար մեղադրանքներ են առաջադրվել նաև ամուսնուն ու նրա ծնողներին: Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը հայտարարագրերում չներկայացնելու համար։ Դիանա Գասպարյանին առաջադրված հոդվածներով մինչև 12 տարվա ազատազրկում է նախատեսված:

Ավելին՝ ռեպորտաժում.