«Դեռ ժամանակ կա». Փաշինյանը՝ «խլուրդներին» գտնելու մասին

ԱԱԾ-ականները ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանի մոտ, Երևան, 25-ը օգոստոսի, 2026թ.

«Խլուրդները» գտնվե՞լ են և եթե ոչ, արդյո՞ք ազատման հրամաններ տվել է վարչապետը, ինչպես սպառնացել էր անցած շաբաթ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «դեռ ժամանակ կա»:

«Ինչ վերաբերում է իմ տված ժամանակին, երբ կլինեն հետևանքները, համոզված եմ, որ դուք կտեսնեք ու կլսեք դա: Քանի դեռ չի եղել, ուրեմն դեռ ժամանակ կա», - նշեց վարչապետը:

Անցած շաբաթ Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատի անդամներին և Քննչական կոմիտեի քննիչներին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները դիմավորել էին «Բարի գալուստ» գրությամբ պաստառով, ինչն ակնհայտորեն դուր չէր եկել Նիկոլ Փաշինյանին: Ավելին՝ Քոչարյանների տների ու բիզնեսների խուզարկությունից ժամեր առաջ «Իշխանություն» լրատվականը գրել էր Քոչարյանի ընտանիքի վրա սպասվող «ուժայինների գրոհի» մասին:

Պնդելով, որ գաղտնի տեղեկության արտահոսք է եղել, վարչապետ Փաշինյանը նախորդ շաբաթ պահանջեց իրավապահներից գտնել, իր ձևակերպմամբ, «խլուրդներին». - «Ո՞վ է գիշերվա կեսին կամ նախորդ օրը զանգում, Ռոբերտ Քոչարյանին ասում՝ «գալու են Ձեր տուն խուզարկության», գտնելու ենք ուտեչկա տվողներին, և ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչ է տեղի ունենալու»:

«Ժամացույցը գնում է, էդ ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրները չեղան, զանգվածային ազատումներ են լինելու», - նախորդ շաբաթ իրավապահներին սպառնացել էր Փաշինյանը:

ԱԱԾ-ն հրաժարվել է պատասխանել «Ազատության» հարցմանը

«Ազատություն»-ը երկու օր առաջ ԱԱԾ գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք վարչապետի կարգադրությունից հետո ԱԱԾ-ն պարզել է, թե ով է կառույցից տեղեկատվության արտահոսք տվել, արդյո՞ք հայտնաբերվել են «խլուրդները»: Արդյո՞ք կառույցը ընդունում է, որ հենց ԱԱԾ-ից է եղել տեղեկատվության արտահոսքը, և ի՞նչ նպատակով: Եթե արտահոսք տված անձինք չհայտնաբերվեն, արդյո՞ք ԱԱԾ տնօրենը հրաժարական կներկայացնի:

ԱԱԾ-ն հրաժարվել է պատասխանել այս բոլոր հարցերին՝ պնդելով, թե հայցվող տեղեկատվությունը դասվում է պետական գաղտնիքի շարքին և ենթակա չէ տրամադրման:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խլուրդների» հետքերով. Փաշինյանի հանձնարարականից 6 օր անց Կալանավորված Քոչարյանին պարզ չէ՝ որն է իր մեղքը. հիվանդանոցից՝ «ԿԳԲ բանտ»