Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր գործով դատական նիստից հետո հայտարարեց՝ իմփիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է. «Մենք մեր ուժերի սահմաններում կփորձենք իրականացնել»:
«Անկախ որևէ հանգամանքից՝ իմփիչմենթ լինի, թե ոչ, ընտրություններ լինելու են: Մեր հայտարարությունը, որոշումը միասնության մասին է, մենք ասում ենք՝ իմփիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է, եկեք փորձենք: Իսկ եթե ասում են՝ «չի լինի, հիմա ինչի փորձենք», իրենք նմանվում են էսօրվա Հայաստանի կառավարիչներին, ովքեր ասում են՝ «դե մենք թույլ ենք, Ադրբեջանը ինչ ուզում է տանք»: Դե չեն ուզում՝ չեն ուզում, մենք մեր ուժերի սահմաններում կփորձենք իրականացնել», - ասաց Սարգսյանը:
Վարչապետին խորհրդարանում անվստահություն հայտնելու ՀՀԿ-ի նախաձեռնած գործընթացը անցած տարի այդպես էլ որևէ արդյունք չտվեց։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները չեն բավարարում, որ նրանք Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնեն՝ անհրաժեշտ 36-ի փոխարեն ունեն 34 ձայն, իսկ որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի։ Այսինքն՝ մոտ երկու տասնյակ իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։
Երրորդ նախագահի առաջնորդած ուժը դեռևս որոշում չունի՝ մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին, թե ոչ։