Դաժան սպանություն Երևանում. ո՞վ պետք է բռներ հոգեկան խնդրով երիտասարդի ձեռքը

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնը Երևանում, 9-ը նոյեմբերի, 2026թ.

Երևանում օրերս տեղի ունեցած դաժան սպանության հեղինակը ձերբակալված է, բայց նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել: Այսօր զոհի՝ 29-ամյա Էրիկ Կակոյանի հոգեհանգիստն էր:

Ըստ Ներքին գործերի նախարարության նախնական տեղեկությունների՝ դանակահարողն ու զոհը միմյանց չեն ճանաչել և երբևէ չէին հանդիպել: Սպանության դրդապատճառների մասին իրավապահները դեռ լուռ են:

Ձերբակալվածը, ըստ դատական համակարգի, երկու անգամ դատապարտված է եղել՝ մեկ անգամ՝ գողության, երկրորդ անգամ՝ բանտում ածելի ձեռք բերելու համար: Ըստ դատական գործի՝ նրա նկատմամբ ժամանակին դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակված եղել, պատասխանը, սակայն, գործի նյութերում չկա:

Այս ողբերգությունից հետո համացանցում մեկ հարց է շրջանառվում՝ ո՞վ պետք է բռներ հոգեկան խնդրով 25-ամյա երիտասարդի ձեռքը, և ինչո՞ւ նա մասնագետների հսկողության տակ չէ:

«Տեղամասային հոգեբույժը դուրս գրելուց հետո պացիենտին տեսնում է դուրսգրման պահին, հորդորում է, կատարում է նշանակումներ, գրաֆիկն է ստուգում, դեղորայքի նշանակման դեղաչափերն է պարզաբանում պացիենտին, թե որքան է պացիենտը ընկալել ճիշտ, թե որ ժամին ինչ դեղաչափով պետք է դեղորայքը խմի: Այնուհետև շուրջօրյա հսկողությունը հոգեբույժը ի զորու չի իրականացնել տան պայմաններում. օրական մեր բժիշկները ընդունում են շուրջ 30 պացիենտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայության ղեկավար Ադելաիդա Գևորգյանը:

Ըստ դատական գործի՝ դանակահարողը հաշվառված է հենց «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: Գևորգյանն ասում է, որ իրավասու չէ այդ տեղեկությունը բացահայտելու՝ դա բժշկական գաղտնիք է:

Օրենքով՝ հիվանդանոցում բուժում ստացած քաղաքացին տուն է վերադառնում դեղերի ցուցակով՝ պարտավորվելով դրանք օգտագործել, բայց եթե հարկադիր բուժման տակ չէ, ապա կենտրոնն այլևս նրան վերահսկելու իրավասություն չունի: Իսկ տանը հարկադիր բուժում անցնող քաղաքացին սահմանված ժամկետում պարտավոր է ներկայանալ բժշկի, հակառակ դեպքում նրա հետևից ոստիկանը կգնա:

«Ինչպես այլ հիվանդությունների պարագայում՝ գալիս է իր ոտքով, իր իրազեկ համաձայնությամբ ստանում է իր բուժօգնությունը, դուրս է գրվում, շարունակում է իր կանոնավոր դեղորայքային բուժումը, սակայն ալկոհոլի գործածման կամ հոգեակտիվ նյութի գործածման ազդեցության տակ հոգեկան վատթարացած վիճակում կարող է կատարել այս կամ այն գործողությունը: Դա չի նշանակում, որ այս պացիենտը դատապարտված է ամբողջ կյանքում լինելու հոգեբուժական հաստատությունում, եթե, իհարկե, անձը սոցիալական վտանգավոր արարք չի կատարել, արարքը չի կատարել անմեղսունակության վիճակում, չի գտնվում հարկադիր բուժման մեջ. մենք չենք խոսում էդ պացիենտների մասին», - նշեց Ադելաիդա Գևորգյանը:

Իսկ ո՞վ է հսկում, որ տուն վերադարձած քաղաքացին դեղերը շարունակի օգտագործել: Ըստ բժշկի՝ հարազատն այս դեպքում, եթե վիճակի սրացում է նկատում, կարող է շտապօգնություն դիմել. - «Հոգեկան խանգարման առկայությունը, հաշվառված լինելու փաստը միանշանակ չի ազատում պատժից»:

Օրերս հանրությանը ցնցած սպանությունը Երևանի կենտրոնում հիշեցրել է հոգեկան խնդիրներ ունեցող այլ անձանց կողմից կատարված սպանությունները: Ինչո՞ւ են պարբերաբար կրկնվում այս դեպքերը: Բժիշկը պնդում է՝ միայն քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, և շեշտում է՝ հոգեկան խնդիր ունենալը դեռ չի ազատում իրավական պատասխանատվությունից:

Ինչո՞ւ չկա համարժեք վերահսկողություն հիվանդանոցից դուրս գրվածի նկատմամբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ իրականացնում է սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկում: Սառա Ղազարյանը, որ ուսումնասիրում է ոլորտն ու պաշտպանում այդ հաստատությունների հետ առնչվող քաղաքացիների իրավունքները, ուշադրություն է հրավիրում մի կարևոր ու չլուծված խնդրի վրա. - «Մենք հոգեկան առողջության ոլորտում պետական քաղաքականության ամենամեծ բաց ունենք հենց համայնքային շարունակական ծառայություններում: Այսինքն՝ մեզ մոտ հոգեբուժական ծառայությունները սահմանափակվում են անձին հաշվառելով կամ անձին հոսպիտալացնելով էլի հոգեբուժական հաստատությունում: Դրանից հետո, երբ որ ինքը իր բուժումը ստանում է, վիճակը կարգավորվում է, կայունանում է, ի՞նչ է լինում անձի հետ՝ ոչ ոք չի գիտի, մինչև հասնում ենք այն կետին, որ ինչ-որ մի դեպք է լինում, ու պարզվում է, որ անձը հաշվառված է»:

Ինչո՞ւ չկա համարժեք վերահսկողություն հիվանդանոցից դուրս գրված քաղաքացու նկատմամբ, որի վարքագիծը կարող է վտանգավոր դառնալ թե՛ իր, թե՛ ընտանիքի անդամների և թե՛ մյուսների համար: Ղազարյանը կարևորում է համայնքներում մասնագետներ ունենալն ու նրանց ակտիվ կապը արդեն տանը բուժում ստացողների հետ: Այս հարցը պետք է լուծի պետությունը, նկատում է նա: Ինչո՞ւ մասնագետի բարձրացրած խնդիրները չեն լուծվում՝ «Ազատություն»-ը հարցումներ է ուղարկել սոցիալական և առողջապահության նախարարություններ:

«Եթե մենք ունենանք համայնքում անձանց կարիքներին համապատասխան, մարդու իրավունքների վրա հիմնված, ճգնաժամերին արձագանքող, ճգնաժամը վաղ հայտնաբերող, խնդիրը վաղ հայտնաբերող ծառայություններ, մենք գոնե թե չենք հասնի այսպիսի ճգնաժամային, արդեն անուղղելի, կարելի է ասել, իրավիճակի», - ընդգծեց Սառա Ղազարյանը:

Մյուս խնդիրն էլ այն է, որ ոչ բոլոր պոլիկլինիկաներում կան հոգեբույժներ, իսկ մասնագիտացված թերապևտներ ու սոցիալական աշխատողներ ընդհանրապես չկան: Փորձագետի խոսքով՝ իրենք այս բացը լրացնելու մի պիլոտային ծրագիր են գործարկել, որը, սակայն, կավարտվի, ու հարցը կմնա օդից կախված:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2023-2024 թվականների սպանությունների 3 տոկոսն են կատարել հոգեկան խնդիրներ ունեցող անձինք: