Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ նոր քրեական գործ է մուտքագրվել Հակակոռուպցիոն դատարան:
Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Նույն գործով անցնում է նաև Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետ Նորայր Յոլչյանը։ Նա մեղադրվում է Տոնոյանին օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի՝ Յոլչյանի գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։
Դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ երկու մեղադրյալների նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, ինչպես նաև համակցված այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։
Սա արդեն երկրորդ քրեական գործն է, որով անցնում է 2018-ից 2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը 2021 թվականից անցնում է «անպիտան հրթիռների» գործով։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար: Ինքը՝ նախկին նախարարը չի ընդունում մեղադրանքը: