Դատավորը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի ու նրա նախկին ենթակաների գործով նոր մեղադրանքը

«Մարտի 1»-ի գործի վերաբացումից մեկ տարի անց այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա նախկին ենթակաների գործով նոր մեղադրանքի որոշումները՝ փաստացի թույլ տալով հանրային մեղադրողին փոխել նախկին պաշտոնյաներ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մեղադրանքը:

Մեկ տարի առաջ դատախազը միջնորդել էր 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով նոր՝ պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով մեղադրանքներ ներկայացնել Քոչարյանին ու մյուսներին, այս միջնորդությունը տևական ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանի սեղանին էր:

«Նշված փաստերը իրականության հետ աղերս չունեն: Ես նշել էի նաև, որ գիտեմ ու հասկանում եմ, որ ներկա դատախազը չի հեղինակը այս մեղադրականի, բայց ինքը ստորագրելով այն որդեգրել է: Մի շարք աբսուրդային կետեր կան գրված: Դատարանը եթե դա թույլ է տալիս, ուրեմն իր կողմից որդեգրում է այն, ինչ գրված է»,-այսօր դատարանում ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ պնդելով, որ մեղադրականում Սահմանադրությանը հակասող դրույթներ կան։

Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, թե իր համար այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ են ուզում իրենից արդեն 7 տարի: Մեղադրական եզրակացությունն էլ «քաղաքական» է որակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտի 1-ի դատը կարող է տևել ևս 2.5 տարի․ Քոչարյանը դատավորին հիշեցրեց իր բանտային օրերը


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քոչարյանի փաստաբանը հորդորում է «Մարտի 1»-ի գործով ՄԻԵԴ որոշումը չկապել երկրորդ նախագահի հետ