Դատավորների միությունը քննադատում է Սահմանադրության նախագծի՝ դատական իշխանության դրույթները

Հայաստանի դատավորների միությունը դատական իշխանության անկախությանը սպառնացող նախաձեռնություն է որակում նախօրեին հրապարակված նոր Սահմանադրության նախագծի՝ դատական իշխանությանը վերաբերող դրույթները:

Այդ դրույթների պաշտոնական շրջանառությունն ու քննարկումն արդեն իսկ կարող են բացասաբար ազդել դատական իշխանության անկախության ու հեղինակության վրա, պնդում է կազմակերպությունը իր այսօրվա հայտարարությունում՝ մանրամասնելով. - «Նախագծի 85-րդ հոդվածով բոլոր գործող դատավորների կարգավիճակը փոխարինվում է «դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի» կարգավիճակով, իսկ պաշտոնավարման շարունակությունը պայմանավորվում է հինգ տարվա ընթացքում քաղաքական մարմինների ընտրած անձանց կողմից անցկացվելիք վերագնահատման արդյունքով։ Վերագնահատման հանձնաժողովի բոլոր անդամներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ հանձնաժողովի եզրակացություններն անմիջական դատական վերանայման ենթակա չեն։ Հարկ է ընդգծել, որ հետագա բողոքարկման որևէ մեխանիզմ, այդ թվում՝ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը, բնավ չի կարող չեզոքացնել նման կառուցակարգով դատավորների անփոփոխելիության և անկախության հիմնարար երաշխիքներին հասցվող սպառնալիքը։ [....] Նախագծի 58-րդ հոդվածով էլ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասը անդամների ընտրությունը վերապահվում է Ազգային ժողովին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովին մնում է միայն դատավոր անդամների թեկնածուների ներկայացումը»։

Նախագծի մշակման և քննարկման գործընթացում դատական իշխանությունը պատշաճ ներկայացված չի եղել, որևէ դատավոր չի մասնակցել այդ գործընթացին, ասված է հայտարարությունում:

Դատավորների միությունն ընդգծում է, որ «դատավորների անկախության համար վտանգ է ներկայացնում ոչ միայն այդպիսի կարգավորումների հնարավոր ընդունումը, այլև գործող դատավորների անփոփոխելիության և պաշտոնավարման շարունակականության երաշխիքները կասկածի տակ դնող նախաձեռնությունների առաջ քաշումն ու պաշտոնական շրջանառությունը պետական բարձրագույն մակարդակով». - «Նման նախաձեռնություններն արդեն իսկ ինքնին կարող են ստեղծել դատավորների նկատմամբ անուղղակի ճնշման պայմաններ և խաթարել դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքների նկատմամբ վստահությունը։ Նման մոտեցումները հակասում են իրավունքի գերակայության սկզբունքից և դատավորների անկախության եվրոպական չափանիշներից բխող պահանջներին»։

«Սահմանադրական բարեփոխումների իրականացման որևէ նպատակ չի կարող արդարացնել պաշտոնավարող դատավորների համատարած վերագնահատումը (վեթինգ կամ կարգավիճակի վերահաստատում), նրանց պաշտոնավարման սահմանադրական երաշխիքների վերացումը կամ պաշտոնավարման շարունակականությունը նոր նշանակմամբ կամ կարգավիճակի վերահաստատմամբ պայմանավորելը», - ասված է հայտարարությունում, - «Դատավորների անփոփոխելիության և դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները չեն կարող ստորադասվել քաղաքական նպատակահարմարությանը, իսկ դրանց սահմանափակումը չի կարող արդարացվել սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությամբ»։

Միությունը հորդորում է Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես դատարանների և դատավորների անկախության սահմանադրական երաշխավորի, «հրապարակայնորեն հայտարարել նշված դրույթների անթույլատրելիության մասին և պահանջել դրանք հանել շրջանառությունից, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու գործող դատավորների պաշտոնավարման շարունակականության երաշխիքները և կանխելու նրանց կարգավիճակի անորոշությամբ պայմանավորված ուղղակի կամ անուղղակի միջամտությունները»։

Հայաստանի դատավորների միությունն ակնկալում է նաև, որ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ու եվրոպական համապատասխան կառույցները ուշադրություն կդարձնեն դատական իշխանության անկախությանը սպառնացող նախաձեռնությանը։

«Դատական իշխանության անկախությունը՝ դատավորների անփոփոխելիության երաշխիքով հանդերձ, ոչ թե դատավորների արտոնությունն է, այլ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի հիմնարար երաշխիքը», - ասված է հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ըստ նախագծի՝ իշխող ուժն է որոշելու դատավորների հետագա ճակատագիրը, ընդգծում է սահմանադրագետը