Դատարանը մեղավոր ճանաչեց Էդգար Ղազարյանին

Դատարանը մեղավոր ճանաչեց «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանին և դատապարտեց երկու տարվա ազատազրկման:

Դատարանը որոշեց Ղազարյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով։

«Վճռի նպատակն ինձ մանդատից զրկելն է: Սա քաղաքական նպատակով վճիռ է», - հայտարարեց Ղազարյանը:

Գործով դատախազը միջնորդել էր Ղազարյանին դատապարտել երկուսուկես տարվա ազատազրկում և լրացուցիչ պատիժ սահմանել երեք տարի ժամկետով հանրային գործունեությամբ չզբաղվելը: Ղազարյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ միջնորդել էր կիրառել առավել մեղմ պատիժ։

Ղազարյանն ունի անձեռնմխելիություն, բայց քանի որ այս գործը հարուցվել է նախորդ տարի, երբ նա պատգամավոր չէր, ապա անձեռնմխելիությունն այս դեպքում չի գործում:

2025-ին Ղազարյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց սահմանադրական դատարանի մի որոշման վերաբերյալ տեսակետ հայտնելուց հետո: Բարձր դատարանի որոշումը վերաբերում էր սահմանազատման հայ-ադրբեջանական կանոնակարգին, այդ որոշման մեջ դատավորները գնահատել էին նաև Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի դերն ու նշանակությունը:

Որոշումը Հանրայինի եթերում պարզաբանել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Դրանից հետո Էդգար Ղազարյանն իր հաղորդման շրջանակում ու տարբեր ելույթներում անդրադարձել էր Գրիգորյանի մեկնաբանություններին, պնդել, որ բարձր ատյանի դատավորները չպետք է քննարկեին Անկախության հռչակագիրը, հավելելով, որ «այստեղ արդեն գործ ունենք սովորական տգիտության հետ»:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ պաշտպանյալը դատավորների վերաբերյալ, այն էլ արատավորող տեղեկություններ չի տարածել: Ընդամենը գնահատել է նրանց գործողությունները:

«Մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգից, ինչը չի նշանակում, որ ՀՀ բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ, կարծում եմ՝ ակնհայտ է», - վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ նման տեսակետ էր հայտնել դատավորների մասին, բայց իրավապահներն այդպես էլ չպարզեցին՝ արդյո՞ք վարչապետը արատավորել է դատավորներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղազարյանի գործով դատարանը գնաց խորհրդակցական սենյակ