Դատարանը երեք ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

Դատարանը երեք ամսով երկարացրեց «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Սամսոնյանը անժամկետ հացադուլ հայտարարեց։

Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով:

Փոդքասթի հաղորդավարները կալանավորվել էին նոյեմբերին: Հաղորդումը իրավապահներին ներկայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդդիմադիր հայացքներով հաղորդավարները 7 ժամանոց հարցազրույց էին ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս հարցազրույցից հետո ԱԺ նախագահն իր տելեգրամյան էջում գրառմամբ դիմել էր երրորդ նախագահին, քննադատել նրան ու վիրավորական՝ «շան լակոտ, լածիրակ» բառերով արտահայտվել փոդքասթերների հասցեին: Սրանից հետո արդեն ընդդիմադիր հաղորդավարները մեկ այլ հաղորդմամբ ավելի կոշտ ու վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ էին հնչեցրել ԱԺ նախագահի հասցեին:

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի ներկայացուցիչները քաղաքական են որակում մեղադրանքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սկսվել է «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարների գործով դատավարությունը