14 ժամ տևած նիստի արդյունքում դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, արձանագրել է, որ գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը չի կարող պահպանվել, «որքան էլ Վերաքննիչ քրեական դատարանը հակակոռուպցիոն այն ցանկացել էր՝ Դատախազության, քննչական մարմնի և քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո»: Այս մասին Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում հայտարարում է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքը՝ համակցված գրավով, բացակայելու արգելքով, և մի կարևոր հանգամանք էլ եմ ուզում նշել՝ կոչերի, հրապարակային հայտարարությունների սահմանափակումը ևս վերացվել է», - ասում է Վարդևանյանը՝ հավելելով. - «Ի դեպ, այդ իմաստով՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը այդ մասով արձանագրումներ կատարել էր, որ նման սահմանափակում չպետք է լինի»:
Երեկ դատարանը սկսել էր քննել Դատախազության ներկայացրած միջնորդությունը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Նույն օրը Վերաքննիչ դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը, որով իրավապահները պահանջել էին վերացնել գործարարի տնային կալանքը: Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ուշ երեկոյան «Ազատությանը» փոխանցել էր, որ Կարապետյանն արդեն կալանավայրում է, ուր տեղափոխվել է հիվանդանոցից:
Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար մեղադրվող ռուսաստանահայ գործարարի կալանքը նոյեմբերին երկարաձգվել էր ևս երկու ամսով:
Ամիսներ առաջ Կարապետյանը բանտից քաղաքական հայտ էր ներկայացրել և հայտարարել, որ պայքարելու է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Նա առաջնորդում է «Մեր ձևով» շարժումը, որն առաջիկայում կուսակցություն է դառնալու: Մեծահարուստ գործարարը, սակայն, վարչապետի թեկնածու չի կարող լինել, քանի որ երկքաղաքացիություն ունի: