Ղազարյանի գործով դատարանը գնաց խորհրդակցական սենյակ

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանի գործով դատախազը միջնորդեց նշանակել պատիժ՝ երկուսուկես տարի ազատազրկում և լրացուցիչ պատիժ՝ երեք տարի ժամկետով հանրային գործունեությամբ չզբաղվել:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ միջնորդեց կիրառել առավել մեղմ պատիժ։

Էդգար Ղազարյանը, սակայն, հակադարձեց դատախազին, թե այժմ ունի անձեռնմխելիություն և առանց ԱԺ համաձայնության նրա նկատմամբ քրեական հետապնդում չպետք է լինի:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու:

Ղազարյանն ունի անձեռնմխելիություն, բայց քանի որ այս գործը հարուցվել է նախորդ տարի, երբ նա պատգամավոր չէր, ապա անձեռնմխելիությունն այս դեպքում չի գործում:

2025-ին Ղազարյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց սահմանադրական դատարանի մի որոշման վերաբերյալ տեսակետ հայտնելուց հետո: Բարձր դատարանի որոշումը վերաբերում էր սահմանազատման հայ-ադրբեջանական կանոնակարգին, այդ որոշման մեջ դատավորները գնահատել էին նաև Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի դերն ու նշանակությունը:

Որոշումը Հանրայինի եթերում պարզաբանել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Դրանից հետո Էդգար Ղազարյանն իր հաղորդման շրջանակում ու տարբեր ելույթներում անդրադարձել էր Գրիգորյանի մեկնաբանություններին, պնդել, որ բարձր ատյանի դատավորները չպետք է քննարկեին Անկախության հռչակագիրը, հավելելով, որ «այստեղ արդեն գործ ունենք սովորական տգիտության հետ»:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ պաշտպանյալը դատավորների վերաբերյալ, այն էլ արատավորող տեղեկություններ չի տարածել: Ընդամենը գնահատել է նրանց գործողությունները:

«Մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգից, ինչը չի նշանակում, որ ՀՀ բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ, կարծում եմ՝ ակնհայտ է», - վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ նման տեսակետ էր հայտնել դատավորների մասին, բայց իրավապահներն այդպես էլ չպարզեցին՝ արդյո՞ք վարչապետը արատավորել է դատավորներին: