Դատական համակարգի հետ կապված փոփոխությունները կառավարության համար սկզբունքային նշանակություն ունեն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետը՝ արձագանքելով դատական իշխանության վերաբերյալ նոր Սահմանադրության նախագծում տեղ գտած դրույթների քննադատությանը: Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ դատական համակարգի վստահելիության խնդիրը նոր Սահմանադրության ընդունմամբ պետք է լուծվի:
«Ինչքան դատական համակարգը բարձր խոսի փոփոխությունների դեմ, իմ կարծիքով հանրային կոնսոլիդացիան նոր Սահմանադրության տեքստի շուրջ մեծանալու է», - պնդեց վարչապետը:
Հայաստանի դատավորների միությունը համարում է, որ Սահմանադրության նախագծում դատական իշխանության վերաբերյալ դրույթները սպառնում են դատական իշխանության անկախությանը: Հայաստանի դատավորների միությունը մասնավորապես զգուշացնում է՝ նախագծով առաջարկվող վեթինգն ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ձևավորման կարգը անպաշտպան են դարձնում դատավորներին, դատական համակարգը կախվածության մեջ գցում քաղաքական իշխանությունից և վտանգում քաղաքացիների՝ արդար դատաքննության իրավունքը։ Դատավորները կոչ են արել ԲԴԽ-ին, որ պահանջի հանել այս դրույթները շրջանառությունից: ԲԴԽ-ն, որը դատավորների անկախությունը երաշխավորող կառույց է, դեռ չի արձագանքել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դատավորների միությունը քննադատում է Սահմանադրության նախագծի՝ դատական իշխանության դրույթներըԱյսօր Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ցանկացած հարց քննարկելի է, միևնույն ժամանակ ընդգծեց՝ դա չի նշանակում, որ բոլոր առաջարկները կընդունվեն:
«Աննախադեպ բան է առաջարկում նոր Սահմանադրության տեքստը, բոլոր անկախ, ինքնավար մարմիններում ընդդիմության համար նախատեսված է քվոտա՝ Բարձրագույն դատական խորհրդում, Կենտրոնական բանկի խորհրդում: Իհարկե, դա չի նշանակում, որ պաշտոնները քաղաքականացվում են, նման բան չի կարող լինել, բայց նաև որոշակի երաշխիքներ են ստեղծվում, որ դատական համակարգը, ԿԲ-ն այդ առումով ներառականությունը ապահովելու են», - ընդգծեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է այս թեմայով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, վարչապետ Փաշինյանն ասաց. «Մեկնաբանության մեկնաբանություն ժանրը մի քիչ ինձ համար այդքան էլ հասկանալի չէ»:
Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել էր Դատավորների միության հայտարարությունը՝ նշելով. - «Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ»:
Լրագրողի հարցին՝ «դատավորը, որին Դուք մեղադրում էիք Գագիկ Ծառուկյանին ժամանակին արդարացնելու մեջ, կալանքի է ուղարկել Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Խատարյանին, վերջերս բանտում մահացած Արսեն Գևորգյանին, էդ դատավորը Ձեր կարծիքով ձրի՞ է այդ մարդկանց ուղարկել կալանքի, թե՞ ինչ-որ ճնշումների արդյունքում: Ո՞նց է, որ արդարացնելուց ձրիի հարցն առաջանում է, ուղարկելուց՝ ոչ»: Փաշինյանը պատասխանեց. - «Էդ հարցերի գոյությունը մեր իրականության մեջ խնդիր է, էական չէ՝ ես եմ էդ հարցը տալիս այս դիտանկյունից, թե դուք, երբ երկուսս էլ էդ հարցը տալիս ենք, դա նշանակում է, որ մենք ունենք պրոբլեմ: Պրոբլեմները լուծվելու են նոր Սահմանադրության ընդունմամբ: Ո՞վ է ասում, որ այդ հարցերը միայն իմ և ձեր մոտ կան, այդ հարցերի լուծումը Ա՝ նոր Սահմանադրության ընդունումն է, և Բ՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներմուծումը, իհարկե, քայլ-քայլ»:
Նոր Սահմանադրության նախագծով դատական իշխանության վերաբերյալ արմատական փոփոխություններ են նախատեսվում։ Մասնավորապես, նախագծի ընդունման դեպքում բոլոր պաշտոնավարող դատավորները կենթարկվեն մեկանգամյա վերագնահատման՝ վեթինգի։ Գործող դատավորները կստանան ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ և առաջիկա հինգ տարվա ընթացքում բարեվարքության, մասնագիտական կարողությունների և եկամուտների օրինականության ստուգում կանցնեն՝ հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից։