Պաշտոնական Երևանին ապօրինի ներգաղթյալների հայրենադարձման կենտրոնի մասին «տեղեկություն հայտնի չէ»

«Զվարթնոց» օդանավակայան, արխիվ

Հայկական կողմին որևէ տեղեկություն հայտնի չէ Իտալիայի առաջարկով Հայաստանում ապօրինի ներգաղթյալների ճամբար ստեղծելու մասին, «Ազատությանը» հայտնել է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

Իտալական առաջատար Corriere della Sera պարբերականը գրել էր, թե «Իտալիան առաջարկում է ԵՄ տարածք ներթափանցած անօրինական ներգաղթյալներ ուղարկել երրորդ երկրներ, այդ թվում՝ Հայաստան»:

Արդյոք իտալական կողմը պաշտոնական Երևանի հետ որևէ շփում ունեցե՞լ է և ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմը այս հարցում. «Ազատության» այս հարցին արտգործնախարարության խոսնակը պատասխանել է. - «Մեզ նման տեղեկություն հայտնի չէ»:

Corriere della Sera-ի տվյալներով՝ պաշտոնական Հռոմի առաջարկի հիմքում նախորդ տարի Իտալիայի և Ալբանիայի միջև կնքված համաձայնագիրն է։ Ըստ դրա, Իտալիան անօրինական ներգաղթյալներին արտաքսում է Ալբանիայում գտնվող և Հռոմի կողմից ֆինանսավորվող հատուկ ճամբարներ, որտեղ էլ նրանք սպասում են վերադարձին իրենց ծագման երկրներ։

«Երեքշաբթի օրը Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պյոնտեդոսին պատրաստվում է «ալբանական մոդելի» ընդլայնման տարբերակն առաջարկել ԵՄ խորհրդի անդամներին, - գրում է Corriere della Sera-ն՝ հավելելով, - իտալական ծրագրի համաձայն՝ ԵՄ-ն պետք է ֆինանսավորի մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուանդայում, Գանայում, Սենեգալում, Թունիսում, Լիբիայում, Մավրիտանիայում, Ուգանդայում, Եգիպտոսում, Ուզբեկստանում, Հայաստանում, Մոնտենեգրոյում և Եթովպիայում տեղակայվող «հայրենադարձման կենտրոնները»։