Թուրքիայում կայացած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գագաթնաժողովի՝ COP31-ի ավարտին կողմերին այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ կլիմայի փոփոխության դեմ պայքարի շուրջ՝ հանածո վառելիքի և ֆինանսավորման շուրջ խորը տարաձայնությունների պատճառով:
COP31-ի նախագահ և Թուրքիայի շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումը գագաթնաժողովի եզրափակիչ նիստում ստիպված է եղել խոստովանել, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ վերջնական փաստաթղթի շուրջ: Բանակցությունները պետք է ավարտվեին ուրբաթ, սակայն շարունակվել են մինչև ուշ կիրակի՝ դառնալով պատմության մեջ ՄԱԿ-ի կլիմայական ամենաերկար համաժողովը։
Համաձայնագիրն իր վերջնական տեսքով անընդունելի է եղել ԵՄ-ի, Խաղաղօվկիանոսյան կղզի-պետությունների և մի քանի այլ երկրների համար, քանզի այն ուղղակիորեն չէր հիշատակում գլոբալ տաքացման հիմնական պատճառի՝ բրածո վառելիքի մասին:
Համաձայնագրի նախնական տարբերակներում կոչ էր արվում արագ հրաժարվել հանածո վառելիքից: Հինգշաբթի հրապարակված նոր տարբերակում, սակայն, այս ձևակերպումը հանվել էր և չէր վերականգնվել՝ չնայած մի քանի երկրների բողոքին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը Անթալիայում հանդիպել է Փեզեշքիանի հետԵՄ նախագահող Իռլանդիայի կլիմայի և էներգետիկայի հարցերով նախարար Դարագ Օ'Բրայենն ավելի վաղ հայտարարել էր, որ առանց հանածո վառելիքի հիշատակման, որը «կլիմայի փոփոխության հիմնական շարժիչ ուժն է», ԵՄ-ն չի հաստատի փաստաթուղթը, քանզի համաձայնագիրն իր ներկայիս տեսքով «չի համապատասխանում ներկայիս իրավիճակին»։
Միևնույն ժամանակ, ավելի աղքատ երկրներն էլ դեմ են եղել նրան, որ ավելի հարուստ երկրները ջերմաստիճանի բարձրացման հետևանքներին հարմարվելու համար որևէ հստակ ֆինանսական պարտավորություն չեն ստանձնում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ասել է, որ «խորապես հիասթափված է»։ Նա քննադատել է նրանց, ովքեր, իր խոսքով, «հանածո վառելիքի հզոր շահագրգիռ կողմեր» են և օրինակ են վերցնում ծխախոտ արտադրող ընկերություններից ու խեղաթյուրում են գիտությունը, հետաձգում քաղաքականության մշակումը, խոչընդոտում են գործողություններին և հսկայական շահույթ կուտակում, մինչդեռ մարդիկ ամենուրեք վճարում են դրա գինը:
«Ես կիսում եմ բոլոր նրանց խոր հիասթափությունը, ովքեր ակնկալում էին, որ կառավարությունները կկարողանան համարժեք արձագանքել կլիմայական ճգնաժամի առաջադրած մարտահրավերներին։ Նրանք, ովքեր շահույթ են ստանում մեր մոլորակի կործանումից, չպետք է թելադրեն այն պայմանները, որոնցով պետք է պայքարել դրա փրկության համար։ Հանածո վառելիքն արագացնում է կլիմայական ճգնաժամը»,- ասել է նա։