Վերջին շաբաթներին Իրանը խստացրել է անվտանգության միջոցառումները Իսֆահանում գտնվող հարստացված ուրանի պահեստի շուրջ։ Ինչպես CNN-ին հայտնել են ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրները, պահեստ տանող թունելները փլուզվել են, իսկ դրանց մուտքերը՝ ականապատվել։
Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ այժմ ուրանի պաշարներին հասնելը դարձել է զգալիորեն ավելի բարդ և վտանգավոր, այդ թվում՝ հենց իրանցիների համար։ Դրա համար կպահանջվի ծանր էքսկավատորային տեխնիկա և ականազերծման աշխատանքներ։
Իրանից ուրանի պաշարների դուրսբերումը Վաշինգտոնի՝ Թեհրանին ներկայացվող պահանջներից մեկն է։
Ուրբաթ օրը Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել էր, որ կողմերը մոտենում են համաձայնագրի կնքմանը, որի համաձայն Իրանը պարտավորվելու է հարստացված ուրանը փոխանցել ԱՄՆ-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԷՄԳ-ն չի կարողանում ստուգել Իրանի ուրանի պաշարների հետ կապված իրավիճակըՆշվում է, որ այն նախ կոչնչացվի տեղում, ապա կարտահանվի երկրից։
Միևնույն ժամանակ, երկու կողմերի պաշտոնյաները նախկինում ներկայացրել են նախնական համաձայնության վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ, և դրա ճշգրիտ պայմանները շարունակում են անորոշ մնալ։
Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ Իրանի տրամադրության տակ կա մոտ 440 կիլոգրամ բարձր հարստացված ուրան, որի մեծ մասը պահվում է Իսֆահան քաղաքում գտնվող օբյեկտներից մեկի ստորգետնյա թունելներում։ Հարստացման մակարդակը կազմում է 60 տոկոս, մինչդեռ միջուկային զենք ստեղծելու համար այն անհրաժեշտ է հասցնել մոտ 90 տոկոսի։