Բրիտանացի արքայադուստր Դիանայի եղբայրը՝ Չարլզ Սփենսերը պատրաստվում է գիրք հրատարակել քրոջ կյանքի մասին՝ խոստանալով բացահայտել ճշմարտությունը Դիանայի մահվան 30-րդ տարելիցին ընդառաջ։
Դիանան՝ արքայազն Չարլզի՝ այժմ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի առաջին կինը, 36 տարեկան էր, երբ 1997 թվականի օգոստոսին զոհվեց Փարիզում։ Նրա և սիրեցյալի՝ Դոդի ալ-Ֆայեդի մեքենան վթարի ենթարկվեց Ալմա կամրջի տակ գտնվող թունելում, երբ նրանք մեծ արագությամբ հեռանում էին մոտոցիկլետներով իրենց հետապնդող պապարացիներից։
Չարլզ Սփենսերի հեղինակած "Swan Song: Diana, My Sister" գիրքը Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի հաջորդ ամիս և կհրատարակվի նաև աշխարհի այլ երկրներում։
«Այս գրքի նպատակն է Դիանայի մասին ճշմարտությունը պատմել իր եղբոր տեսանկյունից, ինչպես ես փորձեցի անել նաև նրա հուղարկավորության ժամանակ ելույթումս»,- ասել է Սփենսերը։
Դիանայի հուղարկավորության ժամանակ նրա եղբայրը քննադատել էր թագավորական ընտանիքին։
Penguin Random House հրատարակչական տնօրեն Դենիել Բունյարդը նշել է, որ սա լինելու է «պատմական նշանակություն ունեցող գիրք»։