Մրգաշատում և Երվանդաշատում տարիներ առաջ հիմնված նուշի այգիները չորանում են: Արմավիրի մարզում շուրջ 400 հեկտար նորատունկ այգիներում մոլախոտն արագորեն խեղդում է դեռ կանաչ տնկիները:
Պատճառն այգիները հիմնած գործարար Արմեն Սաքապետոյանի հաշիվների վրա դրված արգելանքն է՝ գումար չկա:
«Այգին ամեն տարի պետք է պատշաճ սպասարկել՝ ջրել, խնամել, էտել, պարարտացնել, խոտերը մաքրել և ընդհանուր խնամել», - ասաց նա:
Արմեն Սաքապետոյանը ՊԵԿ նախկին փոխնախագահն է եղել 2016-2018 թվականներին: Իրավապահները կասկածում են, որ նրա գույքն ու եկամուտներն ապօրինի ծագում ունեն, դիմել են դատարան, որն էլ արգելանքի տակ է դրել ոչ միայն նրա, այլև որդու, եղբոր ունեցվածքը, այդ թվում՝ պետական միջոցներով կառուցված այգիները:
«Էս պահին տեսնում եք, որ ծառերը բավարար չափի չեն մեծացել, որովհետև պատշաճ պարարտացում ու սրսկումներ չեն ստացել», - նշեց Սաքապետոյանը:
Դեռ 5 տարի առաջ այս ներդրումային ծրագրի համար եղբայրները ծախսել են մոտ 4.5 միլիոն դոլար: Սաքապետոյանն ասում է, որ այգին նաև պետական դրամաշնորհային ծրագրի արդյունք է, կառավարությունից 300 միլիոն դրամ են ստացել ու այսօր կանգնել փակուղու առջև: Տարեկան մոտ 400 միլիոն դրամը չկա, որ ծառերը խնամեն, բերք ստանան, որի վաճառքից էլ կկարողանան փակել վարկերը: Եթե այգիները չորանան, ստիպված կլինի պետության դրամաշնորհն էլ հետ տալ:
«Եթե չխնամենք, Էկոնոմիկայի նախարարությունը որպես լիազոր մարմին, կգա և կարձանագրի, որ ոչ միայն ծառերն են չորացել ու կպահանջի մեզանից վարկի գումարը վաղաժամկետ, այլ նաև կատարված սուբսիդավորման գումարները», - նշեց նա:
Կուտակված պարտքի պատճառով ՀԷՑ-ն անջատել է հոսանքը․ առանց էլեկտրաէներգիայի կաթիլային ոռոգման համակարգը չի աշխատի, իսկ ծառերը կմնան առանց ջրի:
«Արդյունքում, եթե չլինի պետության միջամտությունը, ապա այս ամենը սնանկության վարույթի արդյունքում փոշիանալու է: Ընկերությունը կգնա սնանկության և կկորցնի ամեն ինչ, պետությունն էլ կկորցնի սուբսիդավորած գումարները», - ասաց նա:
Սաքապետոյանի դեմ դատավարությունն ընթանում է արդեն երկուսուկես տարի՝ դեռ նախնական փուլում են, այս ընթացքում 3 դատախազ է փոխվել, դատախազությունը 4 անգամ փոխել է հայցապահանջը: Նուշի ծառերը պահպանելու ու ներդրումը ջուրը չգցելու համար գործարարը դատախազությանն առաջարկել է դրանք վերցնել պետական կառավարման, բայց դատախազն առարկել է, նշել՝ այս պահին պետությունը նման շահագրգռվածություն չունի և, բացի այդ, չկան բավարար ռեսուրսներ, որ կարողանան իրականացնել այգիների կառավարումն ու տնօրինումը: Դատարանն էլ նշել է, որ Սաքապետոյանը չի հիմնավորել իր առաջարկի անհրաժեշտությունը, սակայն գործարարը պնդում է՝ այգիները պահելու այլ տարբերակ այս պահին չունի:
«Հարցը համակարգային է»
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը դատարաններում ուսումնասիրող Աննա Մելիքյանի խոսքով, Սաքապետոյանի մատնանշած հարցը համակարգային է:
«Այստեղ այլ հարց է, շահագրգռվածության հասկացողությունն է, կարծում եմ՝ այդ ընկալումն էլ պետական մարմինների կողմից պետք է ունենանք, որ գույքն ինչքան թանկ լինի, այդքանա պետության օգտին է, եթե բավարարվում է հայցը, որովհետև ինքչան էժանանում է արժեքը, այնքան կորցնում են այդ գումարից», - նշեց Մելիքյանը:
Այս օրենքի մշակմանը մասնակցած «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչը նկատում է՝ թեև օրենքը ունի նման դրույթ, երբ մինչև դատարանի որոշումը գույքը կարող է կառավարել պետությունը, բայց այս դեպքում չկան հստակ մեխանիզմներ: Մելիքյանի տեղեկություններով՝ այժմ կառավարությունը մտադիր է բարելավել օրենքի այս դրույթը, որպեսզի մինչև դատարանի վերջնական որոշումը, Սաքապետոյանի այգիների նման այլ քաղաքացիների գույքերը չտուժեն:
«Կարիքը կա, ու դա զգում են նաև պետական մարմինները», - ընդգծեց Աննա Մելիքյանը:
Գործարարն, իր հերթին, պնդում է, որ պետությունը հիմա էլ կարող էր օրենքով իր այգիները վերցնել պետական կառավարման, թե ինչո՞ւ է դատախազությունը հրաժարվել ու ինչո՞ւ է դատախազը որպես պատճառ նաև միջոցների բացակայությունը նշել, պարզ չէ: «Ազատությունը» հարցում է ուղարկել դատախազություն: