«Չոր բանը չի կպնի մարդուն». ինչպես Գագիկ Ծառուկյանը 6 տարի անց արդարացվեց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Չոր բանը չի կպնի մարդին, ձեր ցավը տանեմ: Ես նորից եմ ասում, դուք ասում եք կաշառք, կա՞ մեկը , որ ասում ա՝ Ծառուկյանը էդ գումարը տվել ա ինձ՝ տանեմ կաշառք տամ». - այս խոսքերով էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռևս վեց տարի առաջ դիմում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, երբ «Իմ քայլը» խմբակցությունը 2020-ի հունիսի 16-ին հավանություն էր տալիս գլխավոր դատախազի միջնորդությանը՝ զրկելով Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից ու կալանքի համաձայնություն տալով:

«Ես վախեցող չեմ, ես նորից եմ ասում, իմ համար, ինչ-որ ուզում եք ահաբեկեք, սարքեք, կպցնեք», - հայտարարում էր ԲՀԿ առաջնորդը:

Այդ օրերին խորհրդարանի ամբիոնից գլխավոր դատախազը համոզում էր օրենսդիրներին, թե բավարար ապացույցներ ունի այն մասին, որ Ծառուկյանը դեռ 2017-ի խորհրդարանական ընտրություններում կաշառք է բաժանել: Արթուր Դավթյանն անգամ կոնկրետ անձանց խոստովանական ցուցմունքներ էր մեջբերում:

«Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ», - հայտարարում էր Դավթյանը:

Ընդդիմադիր պատգամավորների հարցերին ի պատասխան՝ այժմ նախկին գլխավոր դատախազը վստահեցնում էր, թե քաղաքական պատվեր չի կատարում, պնդում էր, թե հետո էլ չի ամաչի իր գործողությունների համար:

«Մի հարց՝ դուք անհարմար չե՞ք զգում», - ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին Արթուր Դավթյանն արձագանքեց. -«Ես երբեք անհարմար զգալու՝ իմ պաշտոնեական գործունեության առումով, առիթ չեմ ունեցել, էսօրվա առումով, ավելին, չեմ ունենա»:

Ծառուկյանը 2018-ի հեղափոխությունից հետո աջակցել էր Փաշինյանին, նրա հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հուշագիր ստորագրել՝ պարտավորվելով վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: 2020-ին, կալանավորվելուց առաջ Գագիկ Ծառուկյանը հիշեցնում էր այս ամենի մասին Փաշինյանին, ապա հարցնում՝ «ինչո՞վ եմ ձեզ խանգարել, բացի ձեզ աջակցելուց». - «Ձեր կողքին եմ եղել, այո, մեկ երրորդը տվել եմ, այո, Փաշինյանի հետ, որ հրավիրել ա, ստորագրել եմ հուշագիրը: Ցանկացած սկզբունք ցանկացել եմ աջակցել՝ բոլոր հարցերով»:

Հարկ է նկատել, որ ընտրակաշառքի գործը Ծառուկյանի դեմ հարուցվեց նրա հայտնի ելույթից բառացիորեն մի քանի օր անց: 2020-ի հունիսի 5-ին ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, թե Փաշինյանի կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի. - «Բայց այսօր տեսնելով այս, ասենք թե, ձախողումները, լիարժեք արդեն կարող եմ ասել՝ ոչ թե 97,100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր իրանց աշխատանքով, արդյունքով, բոլոր ոլորտները ձախողված են»:

Այդ ելույթից ուղիղ տասն օր անց գլխավոր դատախազը մեղադրանքների տրցակը ձեռքին մտավ խորհրդարան:

ԲՀԿ առաջնորդի թիմակիցները այդ օրերին պարբերաբար պնդում էին՝ իշխանությունը «շինծու կաշառքի» գործով է պատասխանում Ծառուկյանի այդ ելույթին:

Փաշինյանին սուր քննադատած Ծառուկյանը 2020-ի սեպտեմբերին 25-ին կալանավորվեց՝ երկու ամսով: Տեղի ունեցածը որակելով «քաղաքական պատվեր»՝ նա այդ օրն անգամ դատարան չէր էլ գնացել, այլ ուղիղ կալանքի վայր՝ Ազգային անվտանգության ծառայություն:

Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 22-ին Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ կալանավայրից՝ գրավի դիմաց, ապա հաջորդ ամիս կրկին կալանավորվեց և մի քանի օրից նորից հայտնվեց ազատության մեջ:

«Կարճ ժամանակում ամեն ինչ իրա տեղն ա գալու, և էս պատվեր կատարողները, տես, ձեր ներկայությամբ, Աստծո առաջ եմ ասում՝ պատասխան են տալու, իրենք ապրում են էս երկրում». - ԱԱԾ շենքի առջև արված Ծառուկյանի այս կանխատեսումները ժամկետների առումով, իհարկե, չիրականացան, կարճ ժամանակահատվածում կաշառքի այս գործն այդպես էլ չհանգուցալուծվեց:

Քննությունը ձգվեց շուրջ երեք տարի, և միայն 2023-ին Դատախազությունը վերջապես հաստատեց ընտրակաշառքի գործով Գագիկ Ծառուկյանի մեղադրանքն ու այն ուղարկեց Հակակոռուպցիոն դատարան։

Երեք տարի էլ գործը դատարանում քննվեց, և ի վերջո 2026-ի մարտի 11-ին Ծառուկյանի «ընտրակաշառքի ոդիսականն» ավարտվեց: Վեց տարի անց Գագիկ Ծառուկյանն անմեղ ճանաչվեց:

Ընդ որում, դատելով Ծառուկյանի դեմքից՝ դատավորի որոշումն անսպասելի էր նաև նրա համար: Խոշոր գործարարը սկզբում նույնիսկ չէր էլ լսել դատավորի վերդիկտը և միայն փաստաբանի հուշումից հետո հասկացավ, որ անմեղ է ճանաչվել: «Ճանաչել և հռչակել Գագիկ Կոլյայի Ծառուկանի անմեղությունը», - հայտարարել էր դատավորը:

«Իհարկե ես չէի հավատում, սպասում էի, որ Եվրոդատարան պետք է դիմենք, որ լիարժեք, 100 տոկոսով ... Եթե 2 հազար 600 հոգուց մեկը ցուցմունք չի տալի Ծառուկյանի վրա, կամ տենց հանձնարարություն չկա, ընտրություն ա, պետք է կատարվի, շնորհակալ ենք օրենքից, որ լիարժեք մարդիկ արդարացի ... », - ասաց ԲՀԿ առաջնորդը:

Ի դեպ, 2020 թվականին Ծառուկյանին ընտրակաշառքի գործով անձեռնմխելիությունից զրկող և կալանքի համաձայնություն տվող խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ով այսօր արդեն արտգործնախարարի պաշտոնն է զբաղեցնում, դիվանագիտորեն փորձում էր վստահեցնել, թե տեղի ունեցողը միմիայն իրավական գործընթաց է, հույս հայտնելով, որ Ծառուկյանը կարդարացվի, և իրենց գործընկերոջը կրկին ետ կընդունեն:

«Մենք լիահույս ենք, որ քննությունը կհանգեցնի նրան, որ կպարզվի, որ Գագիկ Ծառուկյանը չունի մեղք իրեն մեղսագրվող արարքում: Եվ մենք էդպիսի զարգացման դեպքում մեր որևէ պատգամավոր գործընկերոջը հետ կողջունենք նորից էստեղ խորհրդարանում», - ասում էր Միրզոյանը:

Ծառուկյանը, ինչպես Արարատ Միրզոյանն էր հույս փայփայել, արդարացվեց, բայց գործընկերոջը հետ ողջունել չստացվեց՝ խորհրդարան վերադառնալ ԲՀԿ առաջնորդը չհասցրեց:

Փոխարենը, 69-ամյա խոշոր գործարարը, որ վերջին տասնամյակներին պարբերաբար հայտնվում է քաղաքական գործընթացների կիզակետում, ապա իշխանական ճնշումների տակ դուրս գալիս քաղաքականությունից, կրկին որոշել է խորհրդարան վերադառնալ՝ մասնակցելով հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Վարչապետի պաշտոնին չհավակնող, բայց վարչապետի արդեն չորս թեկնածու ունեցող Գագիկ Ծառուկյանը արդարացման վճռից հետո հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ երբեք չի համագործակցի. - «Բացառված ա, ուրիշ բան ունե՞ք հարցնելու»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գագիկ Ծառուկյանն ընտրակաշառքի գործով արդարացվեց«Ինչո՞ւ է «Գյումրի 2 ձևակերպումը» ցնցումների մեջ գցում իշխանությանը». Գագիկ Ծառուկյանի խոսնակԶննություն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողամասում. Ծառուկյանն այս գործով մեկ անգամ հարցաքննվել է որպես վկաԻնչպե՞ս է ՔՊ-ն կանխելու նախկինների և օլիգարխների վերադարձը Ծառուկյանի շուրջ «նոր քաղաքական կոնսոլիդացիա է ձևավորվում»«Մտադիր եմ քաղաքական Նոյյան տապան ստեղծել». Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի Ծառուկյանը վարչապետի պաշտոն չի ուզում, բայց 3 թեկնածու ունի՝ «մեկը մեկից ուժեղ ու գրագետ»