Իրավաբաններն ու հանրային գործիչներն այսօր խորհրդարանում փաստերով էին փորձում հիմնավորել՝ վարչապետ Փաշինյանն ու իրավական համակարգը հատել են իրավունքի կարմիր գիծը, միջամտում են եկեղեցու ներքին կառավարմանը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը պետություն-եկեղեցի լարվածության ու դրա հետևանքները հաղթահարելու հարցով հայտարարության նախագիծ է մշակել: Այսօր խորհրդարանական լսումներ էին հրավիրել ու արտախորհրդարանական ներկայացուցիչների հետ քննարկում էին:
«Մեր նպատակն է ստանալ մասնագիտական, իրավական գնահատական մեր երկրում տեղի ունեցող անհավատալի, զարհուրելի իրադարձություններին», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ՔԿ կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ«Այս լսումների նպատակը հետևաբար պարզ է՝ բարձրաձայնել մի սկզբունք, որը շատ հստակ է՝ պետությունը պարտավոր է հարգել կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը Հայ Առաքելական եկեղեցու, նրա բացառիկ դերի մասին ոչ միայն մենք ենք խոսում կամ կարևորում, այլև այն ամրագրված է Սահմանադրությամբ», - հավելեց խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
Հայտարարության նախագծով առաջարկում են արձանագրել ու վերահաստատել այն սկզբունքային դիրքորոշումը, որ պետության գործողությունները կրոնական կազմակերպությունների նկատմամբ պետք է իրականացվեն բացառապես Սահմանադրության ու օրենքների շրջանակներում, պահպանվեն չմիջամտելու սկզբունքն ու խղճի կրոնի ազատության երաշխիքները։
Պետության ու եկեղեցու իրավունքները Սահմանադրությամբ են հաստատված, ու այս նախագծով այդ կարմիր գիծն է շեշտված, ասաց նախագծի համազեկուցող, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։
«Թող այսօր այս դահլիճում անընդհատ հնչի հետևյալ բանաձևը՝ «Սահմանադրությունը սահմանազատել է պետության և եկեղեցու լիազորությունները, այդ սահմաններից դուրս որևէ միջամտությունը արգելված է»», - ասաց նա։
Եկեղեցու ներքին կառավարման հարցերի մասին դատարանները որոշումներ են կայացնում, որ դրանց քննելու իրավունքը չունեն։ Եթե պետությունը քննիչի ու դատավորի միջոցով է եկեղեցին բարենորոգում ու միջամտում պատարագին, դա ըստ արդարադատության նախկին նախարարի, բոլորովին էլ ժողովրդավարության մասին չէ. «Դա նշանակում է, որ մենք ոչ թե ժողովրդավարություն ենք կառուցում, այլ սկսում ենք մի նոր պետական կրոն։ Կրոն, որտեղ վարչապետը կրոնապետն է, քննիչները և դատախազները՝ առաքյալներ։ Մնում է ընդամենը մեկ տեխնիկական դետալ լուծել, որպեսզի այս կրոնապետությունը ավարտվի։ Պետք է քրեական դատավարության օրենսգիրքը վերանվանել Սրբազան Մատյան։ Եվ վերջ»։
Ավագ հինգշաբթի օրվա ծիսական արարողությունների պատճառով հոգևորականներից ոչ մեկը դահլիճում չէր: Մայր Աթոռից նամակով ողջունել էին նախաձեռնությունը: Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներից Գևորգ Դանիելյանն էր եկել:
«Մենք ոչ թե եկեղեցին ենք պաշտպանում, մենք պետականությունն ենք պաշտպանում, որովհետև եթե որևէ մեկին թվում է, թե եկեղեցու նկատմամբ արշավը պարզապես թիրախավորում է հայ ազգային եկեղեցուն, ապա սխալվում եք՝ թիրախավորվում է պետականությունը, սահմանադրական կարգը», - հայտարարեց նա:
Հոգևորականների գործերով փաստաբան Հովհաննես Խուդոյանը թվարկեց այն դատախազների ու քննիչների անունները, որ, նրա ձևակերպմամբ, շրջանցելով օրենքները՝ թաթախվել են եկեղեցու դեմ իշխանության պատերազմի մեջ։
«Ես հույս ունեմ, որ պատմությունը մեր հանդեպ այնքան դաժան չի գտնվելու, և մենք կարողանալու ենք ապրել այնպիսի Հայաստանի Հանրապետությունում, որում բոլոր այս անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության», - ասաց նա։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենը մոռացել է, որ ինքը ուժային կառույցի ղեկավար է ու բացահայտ կաթողիկոսի մասին խոսում է Փաշինյանի լեզվով, ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Նա չի հիշում, որ նախկինում այսպիսի բան եղել է. «Եկեղեցու առաջնորդն է բոլորի, բոլոր, ամբողջ հայության, մենակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների չէ, դիմում է ավազանի անունով ԱԱԾ-ի տնօրենը, չլսված բան է, աննկարագրելի բան։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը մոռացել է, որ ինքը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովող քաղաքական ֆանտազիաները բավարարող պաշտոնյա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԱԾ տնօրենը կաթողիկոսին անվանեց աշխարհիկ անունով՝ Կտրիճ ՆերսիսյանԻշխող խմբակցությունից ոչ մեկը չէր մասնակցում քննարկմանը, ամեն ինչ կանխատեսելի էր, իշխող խմբակցությունից ասաց Հասմիկ Հակոբյանը։ Պատգամավորը չի ընդունում այս մեղադրանքները և կարծում է, որ Մայր Աթոռն է խառնվել պետության գործերին, երբ պատերազմից հետո ակտիվ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, պահանջում նրա հրաժարականը։
«Բարձրաստիճան հոգևորականներից մեկը՝ Բագրատ Գալստանյանը, նաև մտավ քաղաքական պայքարի մեջ և ինքնահռչակվեց որպես վարչապետի թեկնածու և ուներ կաթողիկոսի օրհնանքը իր այդ քայլերում, այսինքն՝ շատ հստակ է եղել, շատ ապացուցված է նրանց քաղաքականություն մտնելու փորձերը», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանը եկեղեցին է նորոգում, եկեղեցու դեմ ոչինչ չունեն, պնդեց պատգամավոր Հակոբյանը. «Բարենորոգում, քննադատում նման դրսևորումների, և մենք համարում ենք, որ մեր հավատացյալները, մեր հազարամյա եկեղեցին և մեր հոգևոր հոտը, այսինքն՝ քրիստոնյաները արժանի չեն նման հոգևորական վերնախավ ունենալուն»։
Նախագիծն առաջիկայում կքննարկվի խորհրդարանի պետական - իրավական հանձնաժողովում, որտեղ, հաշվի առնելով իշխանականների դիրքորոշումն ու նրանց ձայների մեծամասնութունը, ակնկալվում է, որ կմերժվի: