Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Հորմուզի նեղուցի փակման համար

Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Հորմուզի նեղուցի փաստացի փակման համար, ինչը խաթարել է այդ կարևոր ջրային ճանապարհով համաշխարհային նավթի և գազի արտահանումները։

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը հայտարարել է, որ շրջափակման «արմատական պատճառը» «ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական ռազմական գործողություններն են Իրանի դեմ»։

Մաոյի խոսքով՝ միջազգային ծովային ուղիների անվտանգությունը կարող է ապահովվել միայն հրադադարի և Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման միջոցով։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանին, Թեհրանը պատասխանեց՝ սպառնալով հարձակվել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։ Մինչև այժմ միայն շատ քիչ նավթատարների է Թեհրանը թույլ տվել անցնել նեղուցով։

Չինաստանը համարվում է իրանական հում նավթի խոշորագույն գնորդը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ էր հայտնել, որ նեղուցի անվտանգության հիմնական պատասխանատվությունը պետք է կրեն այն երկրները, որոնք կախված են իրանական նավթի մատակարարումներից։