Չինաստանում հանրային դաշտից անհետացել է արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջին Չժուանգլոնը, ով վերահսկում էր արհեստական բանականության ոլորտը։ Երկու ամիս է՝ նա կառավարության նիստերին չի մասնակցում, հրապարակային հանդիպումներին ներկա չի լինում, հայտնում է Financial Times-ը։
Տեղական լրատվամիջոցներն արձանագրել են, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կայքը երեկ որպես նախարար նշել է նախկին նահանգապետ Լի Լեչենգիի անունը։ Պաշտոնական հայտարարություն, սակայն, դեռ չի հնչել։
Չինաստանում պաշտոնյաները կամ՝ կազմակերպությունների ղեկավարները հաճախ անհետանում են, երբ հայտնվում են քրեական քննությունների թիրախում։ 2023 թվականի հոկտեմբերին, օրինակ, Չինաստանի կառավարությունը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարին, ըստ լրատվամիջոցների, կոռուպցիոն մեղադրանքներից հետո։ Մինչ այդ նա գրեթե երկու ամիս չէր երևացել հանրությանը։ Դրանից առաջ էլ նույն կերպ պաշտոնանկ էր արվել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը։