Չինաստանի պաշտպանության երկու նախկին նախարարներ մահապատժի են դատապարտվել

Չինաստանի պաշտպանության նախկին նախարար Ուեյ Ֆենհե, արխիվ

Չինաստանի պաշտպանության նախկին նախարարներ Ուեյ Ֆենհեն և Լի Շանգֆուն մահապատժի են դատապարտվել, հայտնում է Reuters գործակալությունը՝ հավելելով, որ մահապատժի ի կատար ածումը երկու տարով հետաձգվել է։

Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարները մեղադրվում են կաշառակերության համար։

Ըստ չինական լրատվամիջոցների՝ մահապատժի հետաձգումը նշանակում է, որ պատժատեսակը հավանաբար կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ, եթե առաջիկա երկու տարիներին նոր հանցանք չկատարեն։

Նախագահ Սի Ծինփինը 2012-ին իշխանության գալուց հետո կոռուպցիայի դեմ լայն պայքարի մասին էր հայտարարել, որի գլխավոր թիրախներից մեկը հենց զինված ուժերը դարձան։

Այս տարի պաշտոնանկ էր արվել բանակի գեներալ Ժանգ Յուքսիան, որը նաև քաղաքական բյուրոյի անդամ էր և համարվում էր նախագահ Սիի դաշնակիցներից։ 2023-ին թիրախում հայտնվեց հրթիռային ստորաբաժանումը, որը նաև երկրի միջուկային զինանոցի պատասխանատուն է։

Ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտն այս տարի գրել էր, որ զինված ուժերի նկատմամբ ճնշումները լուրջ բացեր են առաջացրել ռազմական կառուցակարգում։