Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և նրա կնոջ՝ Պենգ Լիյուանի պատվին Սպիտակ տանը պետական ընթրիք է տրվել:
Ընթրիքի ընթացքում Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահները ելույթ են ունեցել: Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին Չինաստանից ԱՄՆ երկար ճանապարհորդության համար և հավելել. «Մենք երբեք այսքան լավ չենք շփվել»։
Երեկ տեղի ունեցած բանակցություններից հետո էլ Թրամփն ասել էր, որ իրենք «հսկայական առաջընթաց են գրանցել» երկու երկրների առջև ծառացած խնդիրների լուծման գործում:
Չինաստանի առաջնորդն իր հերթին ընթրիքի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի նպատակները կարող են «փոխադարձաբար ամրապնդող» լինել:
(Ձախից) Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանը, նախագահ Սի Ծինփինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը լուսանկարվում են Սպիտակ տան հյուսիսային սյունասրահի աստիճաններին, 24-ը սեպտեմբերի 2026 թ.
«Նախագահ Թրամփը խոստացել է Ամերիկան կրկին լավը դարձնել», - ասել է նա՝ հավելելով, որ չինացիները ևս «հավատարիմ են ազգային մեծ վերածննդի հասնելուն, իսկ չինական արդիականացումը շարունակում է նոր հորիզոններ բացել»:
Չինաստանի առաջնորդը նաև երկու երկրներին կոչ է արել փոփոխվող աշխարհում «նոր մոտեցում» ցուցաբերել «միմյանց հետ լեզու գտնելու համար» և գործել որպես պատասխանատու համաշխարհային տերություններ:
Դոնալդ Թրամփը Սի Ծինփինին սպիտակագլուխ արծվի արձան է նվիրել և ասել, որ «երբեք այսքան լավ չեն շփվել», նաև առաջարկել է հյուրերին ցույց տալ Սպիտակ տանը կառուցվող պարահենդեսային նոր սրահը:
Պետական ընտրիքին մասնակցում էին նաև խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը, Apple-ի ղեկավար Թիմ Քուքը, OpenAI-ից Սեմ Ալտմանը և Nvidia-ից Ջենսեն Հուանգը։ Նրանք նստել էին Թրամփի և Ծինփինի հետ նույն սեղանին:
CNN-ի, MS Now-ի և Politico-ի լրագրողները հայտնել են, որ իրենց թույլ չեն տվել լուսաբանել պետական ընթրիքը, չնայած դատավորի որոշմանը, որ Սպիտակ տուն նրանց մուտքի արգելքը պետք է վերացվի:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բաժակաճառ է ասում Սպիտակ տանը կազմակերպված պետական ընթրիքի ժամանակ, Վաշինգտոն, 24-ը սեպտեմբերի, 2026 թ.
Ի՞նչ են կողմերը բանակցել
Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները երեկ էին բանակցություններ վարել: BBC-ն գրում է, որ թեև Սին շատ ջերմ ընդունելության արժանացավ ԱՄՆ-ում, այդուհանդերձ, Չինաստանի առաջնորդը չստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր:
Չինաստանը կարծում է, որ Միացյալ Նահանգները փորձում է զսպել իր գերտերության վերելքը, և ցանկանում է, որ Վաշինգտոնն արգելք չդառնա իր ճանապարհին, հատկապես առևտրի, տեխնոլոգիաների և Թայվանի հարցերում։
Առևտրային պատերազմը դադարեցնելու նպատակով կնքված հրադադարը, որի արդյունքում երկու երկրները կանխեցին հետագա սրացումը, երեկ երկարաձգվեց ընդամենը մի քանի ամսով՝ նոյեմբերից մինչև հունվար։ Պեկինը, մինչդեռ, հույս ուներ այն երկարաձգել առնվազն մեկ տարի:
Սա նշանակում է, որ մաքսատուրքերի, հազվագյուտ մետաղների մատակարարման ոլորտում Չինաստանի գերիշխանության և ամերիկյան առաջադեմ չիպերի հասանելիության վերաբերյալ հիմնական վեճերը տեղափոխվում են բանակցությունների հաջորդ փուլ։ Այսինքն, ըստ գործակալության, ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանն ավելին անի գործարքի իր մասը կատարելու համար՝ նախքան երկարաժամկետ զիջումներ առաջարկելը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժեստ է անում Չինաստանի նախագահի ուղղությամբ`նախքան նրան սպիտակագլուխ արծվի քանդակ նվեիրելը պետական ընթրիքի ժամանակ, 24-ը սեպտեմբերի, 2026թ.
Տնտեսություն, Թայվան
BBC-ն նշում է, որ Չինաստանի տնտեսությունը դժվարությունների մեջ է։ Մինչ երկիրը վաճառում է ռեկորդային քանակի ապրանքներ ամբողջ աշխարհում, երկրի սպառողները ստիպված են զսպող միջոցների գնալ, երիտասարդների գործազրկությունը մնում է համառորեն բարձր, իսկ անշարժ գույքի գները կտրուկ անկում են ապրել։
Առևտուրը նպաստում է աճին, ինչն արտասահմանյան շուկաներ մուտք գործելը դարձնում է ավելի կարևոր, քան երբևէ: Ծինփինը պետք է պաշտպանի այդ արտահանումը այնպիսի թուլացնող մաքսատուրքերից, որոնք ԱՄՆ-ն սահմանեց անցյալ տարի:
Թայվանի հարցում Չինաստանի առաջնորդը կրկին հստակեցրել է, որ ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքը Չինաստանի համար կարմիր գիծ է։ ԱՄՆ-ն օրենքով պարտավոր է ինքնավար կղզուն ապահովել ինքնապաշտպանության միջոցներով։
Մայիսին Ծինփինը զգուշացրել էր Թրամփին, որ հարցի սխալ կարգավորումը կարող է հանգեցնել երկու երկրների «բախմանը կամ նույնիսկ հակամարտությանը»։ Դրանից հետո Թրամփը հետաձգեց Թայվանին 14 միլիարդ դոլարի զենքի փաթեթի հաստատումը՝ այն որակելով որպես Պեկինի հետ «շատ լավ բանակցային խաղաքար»։
BBC-ն նշում է, որ գուցե Սին Ծինփինն օգտվել է այդ հնարավորությունից բանակցությունների ժամանակ և, հավանաբար, պնդել, որ Թայվանին աջակցության զսպումը նվազեցնում է հակամարտության ռիսկը։