Չեխական ռազմակայանում զինամթերք է պայթել, մեկ զինծառայող զոհվել է

Սքրինշոթ չեխական Irozhlas կայքից

Չեխիայում՝ Օլոմոուցի շրջանում գտնվող Լիբավայի ռազմակայանում այսօր տեղի է ունեցել զինամթերքի պայթյուն, որի հետևանքով մեկ զինծառայոզ զոհվել է, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել:

Վիրավորներից երկուսին ուղղաթիռով փոխադրել են հիվանդանոց: Եվս չորսին հասցրել են Օլոմոուց քաղաքի համալսարանական հիվանդանոց, չորսին էլ օգնություն են ցույց տվել Օլոմոուցի զինվորական հոսպիտալում, մեկ զինծառայող տեղում է օգնություն ստացել:

«Շրջանում են աշխատում բժշկական և փրկարարական բրիգադներ։ Նրանց միացել է նաև օդային փրկարարական ծառայությունը», - հաղորդել է Օլոմոուցի շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակ Լյուցիե Միկիսկովան։

Միջադեպի տարածքում պայթյունի հանգամանքները հետաքննում են Չեխիայի ռազմական ոստիկանության ծառայողները:

Ըստ Չեխիայի ռադիոյի, Լիբավայի զորավարժարանում հրաձգային, բժշկական և մարտավարական պատրաստություն են անցնում ուկրաինացի զինվորականները:

Չեխական լրատվամիջոցները դեռ չեն հայտնում, թե ովքեր են տուժած զինծառայողները և ինչն է հանգեցրել զինամթերքի պայթյունի: