Ճապոնիայի կառավարությունն այսօր ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը:
Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով սահմանված պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են ռուսաստանյան 33 ընկերություններ և 9 ֆիզիկական անձինք, ինչպես նաև սահմանափակումներ են մտցվել Թուրքիայից և ԱՄԷ-ից չորս ընկերությունների ու այսպես կոչված ստվերային նավատորմի 35 նավերի նկատմամբ:
Ինչպես նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, սա պատժամիջոցների առաջին խոշոր փաթեթն է վերջին մեկ տարում:
Ցանկում ընդգրկվածների թվում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին առնչություն ունեցող անձինք, մասնավորապես՝ "ВНИИР-Прогресс" ընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Կոստինը, "Ростех"-ի ղեկավարի տեղակալ Դմիտրի Լելիկովը և թոփ մենեջեր Վասիլի Բրովկոն, "ТРОС" ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Խոմենկոն և փոխտնօրեն Սերգեյ Ուշկոն և այլոք: Պատժամիջոցներ են սահմանվել նաև "Военторг", "ВНИИР-Прогресс", "Алабуга Машинери", "Уралвагонзавод" և այլ ընկերությունների դեմ:
Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները խստորեն դատապարտել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Իտուրուպ կղզի: Կուրիլյան կղզիները, որոնք վերահսկում է Ռուսաստանը, Ճապոնիան իր տարածքն է համարում: