Ճապոնիան պահանջում է արագ ազատ արձակել Իրանում կալանավորված իր քաղաքացիներից մեկին

Ճապոնիայի և Իրանի դրոշները, արխիվ

Ճապոնիայի կառավարությունը պահանջել է արագ ազատ արձակել Իրանում ավելի քան մեկ ամիս կալանավորված իր քաղաքացիներից մեկին՝ չներկայացնելով գործի մանրամասները։

Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Մասանաօ Օզակին լրագրողներին հայտնել է, որ այդ անձը կալանավորվել է հունվարի 20-ին, և կառավարությունը կապի մեջ է եղել ընտանիքի և իրանական իշխանությունների հետ։

Ավելի վաղ «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանն էր հաղորել, որ Ճապոնիայի հանրային հեռարձակողի՝ NHK-ի Թեհրանի բյուրոյի ղեկավար Շիննոսուկե Կավաշիման ձերբակալվել է Իրանում և տեղափոխվել Թեհրանի բանտ։

NHK-ը, սակայն, հրաժարվել է հաստատել լուրը։

Ճապոնիան ու Իրանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ են ունեցել։ Բայց վերջերս ԱՄՆ-ի հետ համագործակցող Ճապոնիան, միջազգային ճնշումների պատճառով, զգալիորեն նվազեցրել է Իրանից նավթային ներկրումները։