Ճամբարային օրերը՝ անմոռանալի, բայց ուրա՞խ

Վարչապետի նախաձեռնությամբ ու աջակցությամբ Թալինից 100 երեխա մեկնեց Ծաղկաձոր: Ավտոբուս նստող երեխաների տեսանյութ է տարածել Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը: Նա վստահ է, որ ճամբարային տասն օրերը երեխաների համար ուրախ, հիշարժան ու անմոռանալի փորձառություն կլինեն:

Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում են ոչ միայն Թալինի, նաև՝ Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի ու Շիրակի մարզերից շուրջ 250 երեխաներ: 7-13 տարեկան, բոլորը ծնողազուրկ, նպաստառու կամ զոհված զինծառայողի երեխաներ են՝ անապահով, խոցելի ընտանիքներից: Ինչպես Սափեյանն է գրել՝ վարչապետի նախաձեռնությամբ ու աջակցությամբ այս անվճար ճամբարի պայմանները տեսանելի են դրսից:

«Կներեք, ես չեմ կարող թողնել», - ընկեր Գոհարը՝ ավագ ջոկատավարը թույլ չի տալիս սենյակները տեսնել. փայտե խարխուլ տնակներ, որոնցից ամեն մեկում մոտ տասը երեխա է քնում, խորհրդային հին մահճակալներ, անկողինները՝ ճամբարային տասնամյակների անցյալով, խիտ-խիտ երեխաներ ու սանհանգույց կոչվող հատված, որտեղ հիգիենա հուշող որևէ պարագա չկա, դրանց կարիքն էլ չկա, որովհետև տաք ջուր չկա:

«Ե՞րբ եք լողացել» հարցը մտքերի մեջ է գցում երեխաներին. քանի օր է այստեղ են՝ ճիշտ այդքան օր չեն լողացել:

Հարցին՝ լողանալու հնարավորություն ունե՞ն երեխաները, ավագ ջոկատավարն արձագանքեց. - «Մենք սենյակներում ունենք, լողանում են: Դա էլ ենք ժամանակի ընթացքում արել, իրականում մենք շատ վաղուց ունեինք ընդհանուր բաղնիք: Դա ճամբարական կա, էդպես է եղել, ես ինչ հիշում եմ՝ ճամբարներում միշտ ընդհանուր բաղնիք է եղել, լողացել են: Բայց հիմա սենյակներում կա, այսինքն՝ օրվա ընթացքում, երեկոները տաք ջուրը պարտադիր ունենում ենք, այսինքն՝ ոտք, ձեռք իրենք կարողանում են լվանալ: Օրվա ընթացքում էլ կարա լինի: Լողն էլ արդեն որոշում ենք՝ քանի օրը մեկ»:

Տնակներից մի քանիսը տաք ջուր ունեն, Գոհար Մկրտչյանն ասում է՝ այնտեղ փորձում են աղջիկներին տեղավորել:

Իսկ սնո՞ւնդը. - «Բլինչիկներ, կոտլետ, այսինքն ամեն ինչ էլ ունենում ենք»: Չափաբաժնով է, հաստատում է ավագ ջոկատավարը. - «Էնպես չի, որ ով ինչքան ուզի, կարա ուտի»:

Բայց 250 երեխա ու մի քանի տասնյակ ջոկատավարներ պահող ճամբարում ճաշարանն ընդամենը 200 տեղ ունի: «Ազատության» նկարահնման պահին մի խումբ երեխաներ արևի տակ սպասում էին ճաշարան մտնելու իրենց հերթին, մի քանի անգամ խմբով տեղից տեղ գնացին՝ արևի տակ չդիմանալով. առավոտյան 9-ին նախաճաշած երեխաները ճաշի մտան 3:30-ից հետո:

«Որ ասեմ տենց գլոբալ, պայմաններից դժգոհում են՝ չէ», - վստահեցրեց Գոհար Մկրտչյանը:

Դժգոհ չեն, ուղղակի կարոտում են ծնողներին. այսպես են բացատրում այն, որ շատ ծնողներ գալիս ու պոկում են երեխաներին պետության նվիրած հանգստի այս հնարավորությունից:

Պետական այս ծրագիրը նոր չէ, շուրջ երկու տասնամյակ իրականացվում է՝ հենց խոցելի ընտանիքների երեխաների համար: Այս նպատակով նույնիսկ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել Նիկոլ Փաշինյանի որոշմամբ. այն ղեկավարում է տարածքային կառավարման փոխնախարարը, կրթության նախարարությունն էլ մրցույթով ընտրում է ճամբարները: «Աղբյուր» ճամբարի հետ պետական գնման պայմանագիր է կնքել այս գերատեսչությունը՝ 32 միլիոն 500 հազար դրամի: Ճաշարանում՝ լվացարաններ, շուրջօրյա տաք ու սառը ջուր, ննջարանները, շենքային պայմանները՝ բարվոք. գնման տեխնիկական պայմաններն են սրանք: Տեղում, սակայն, այլ պատկեր է: Կրթության նախարարությունից հսկողության վերաբերյալ «Ազատության» հարցերը հորդորեցին գրավոր ուղղել: Ենթադրվում է՝ հենց այս ճամբարն ընտրվում է էժանության համար՝ մեկ երեխայի համար պետությունը վճարում է 5 հազար դրամ:

Ինչո՞ւ է պետությունը հենց սա ընտրում: Գունավոր դպրոց-մանկապարտեզներով հպարտացող պաշտոնյաներից որևէ մեկը տեսե՞լ է, թե ուր են ուղարկում երեխաներին: Նույնիսկ ավագ ջոկատավարն է այն կարծիքին, որ եթե պետությունը փորձում է երեխային անապահով միջավայրից դուրս բերել, պիտի նրան նվազագույնը ավելի վատ տեղ չտանի. - «Նմանատիպ տեղերը ավելի լավ պիտի լինի պատրաստված, քան մեկ այլ կառույցները, ոորովհետև եթե երեխան մի իքս տեղից դուրս է գալիս, գալիս է մեկ ուրիշ տեղ, որտեղ շատ ավելի վատ է, քան, էդ արդեն բնականաբար՝ և՛ հոգեպես, և՛ ... Բայց քանի որ էստեղ մենք էդ ներքին աուրան փորձում ենք հնարավորինս ավելի հավես, ակտիվ, սենց... »:

Ըստ ջոկատավարի՝ ժամանցով փորձում են կոմպենսացնել մյուս բացերը: Իսկ ինչի՞ց է բաղկացած ժամանցը: Ժամանակակից որևէ խաղասարք չկա տարածքում, երեխաները պատմեցին, որ գնդակ հասնում է ամենահաջողակներին, փոխարենը՝ զբոսնում են:

«Զբոսնում ենք, չգիտեմ, բացատային, քաղաքում ենք լինում, նստում ենք, պատրաստում ենք», - ասաց Գոհար Մկրտչյանը:

«Ես իմ էրեխուն եմ տեր, վսյո, չեմ ուղարկելու». - Հասմիկ Իվանյանը զոհվածի այրի է, որդուն անցյալ տարի նույն ճամբար էին տարել, գիշերով 15 հազար դրամով տաքսի է գտել ու Մեծամորից Ծաղկաձոր հասել՝ ջերմող որդուն բերելու. - «Ամեն զանգելուց լացում էր՝ «ես ստեղ չեմ ուզում մնամ, էնտեղ համակարգիչը դնում են մեր դեմը, ասում են՝ նայում ենք կինո, նկարում են, ասում են՝ «հելեք ցվրվեք»:

Այս տարի էլ տղան իրերը հավաքել է, ավտոբուսի մոտ հասել, պարզել են՝ նույն ճամբարն է, հետ են փախել...