Բժիշկներն ահազանգում են՝ իրենց ծանրաբեռնվածությունը մեծացել է, աշխատավարձը՝ նվազել

Հայաստանյան բուժհաստատություններից մեկում, հունվար, 2026թ.

Բժիշկներն ահազանգում են՝ առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո իրենց ծանրաբեռնվածությունը զգալի մեծացել է, սակայն իրենք նախորդ ամիսների համեմատ ավելի ցածր աշխատավարձ են ստացել:

«Ես մոտավոր ստանում եմ միջինում 100-110 հազար դրամ աշխատավարձ, այս ամսում ստացել եմ մոտ 80 հազար՝ 75 հազարի կարգի», - «Ազատության» հետ զրույցում ասաց պոլիկլինիկաներից մեկում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Աճեմյանը:

Աճեմյանն այն համարձակներից է, որը համաձայնեց խնդրի մասին տեսախցիկի առաջ խոսել. նա և այլ բժիշկներ պնդում են՝ բժշկական հաստատությունների ղեկավարները ճնշում են աշխատակիցներին՝ արգելելով բարձրաձայնել խնդրի մասին. «Մշտապես գլխավորների կողմից ճնշումներ է եղել՝ ոչ մի բողոք չլինի, ոչ մի բան չլինի, վրդովմունք չլինի, ձայն դուրս չգա հենց մեր պոլիկլինիկայից: Դե հերթական անգամ հիմա նորից նույն վիճակն է, նույն գլխավորների ճնշմամբ, մարդիկ չեն խոսում, ուղղակի չեն խոսում: Բայց բոլորն էլ զարմացած են, թե ոնց կարելի է բժշկին էդքան վատ պահել երկրում»:

Մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Աճեմյանից զգալիորեն ցածր աշխատավարձ ստացող բուժաշխատողներն էլ են եղել՝ 40 հազար, 20 հազար, անգամ, ասում է, նույնիսկ 13 հազար դրամի մասին է լսել: Չեն հասկանում նաև, թե առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումից հետո ինչպես են հաշվարկվել իրենց աշխատավարձերը, որևէ հիմնավոր պարզաբանում չեն ստացել:

«Բավականին ուշացած նստեցին, այո, դե հետո էլ արդեն չգիտենք, թե ոնց է հաշվարկն արվել», - նշեց բժշկուհին:

Այս շաբաթ բժիշկները հնարավորություն ունեին պարզաբանումներ ստանալ անձամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, սակայն անհարմար հարցերին զուգահեռ՝ տեսազանգը տարօրինակ պատահականությամբ ընդհատվել է, պատմում է Աճեմյանը. - «Գլխավորների կողմից ճնշում է եղել նախապես, միացողներին ասել են՝ հանկարծ ավելորդ հարցեր չտաք, բայց եղել են հարցեր տվողներ, մարդիկ, և հանկարծակի Zoom-ն ընդհատվել է տեխնիկական պատճառներով, և ասվեց, որ հետագայում նորից կկրկնեն, կամ կշարունակենք, էդպես: Ոչ մի պատասխան չի եղել, ոչ»:

«Ես ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել նաև մեր բուժաշխատողներին». - առողջապահության նախարարը մի քանի օր առաջ Հանրային հեռուստաընկերության տաղավարում էր: Պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ են ի հայտ եկել հունվարի 1-ից հետո, Անահիտ Ավանեսյանը ցածր աշխատավարձերի մասին ոչ մի բառ չասաց, ավելին՝ դեռ պնդեց, թե բժիշկները պետք է զարգացնեն հմտությունները:

Իսկ ինչպե՞ս կարելի է նվազագույն աշխատավարձից էլ պակաս գումար ստանալ, օրվա հացի խնդիր լուծել, կոմունալներ վճարել, մարել վարկերը ու զուգահեռ է՛լ ավելի լավ ու շատ աշխատելու մասին մտածել, նախարարը բանաձև չառաջարկեց:

«Իհարկե, մարդիկ կան, որոնց համար անհարմարություններ են ստեղծվել, որովհետև ինչ- որ առումով երկար տարիների աշխատելաոճը փոխվել է, օրինակ, տեսեք՝ պոլիկլինիկաների ծանրաբեռնվածությունը, բայց պոլիկլինիկան պիտի ծանրաբեռնված աշխատի, պիտի բժշկական կենտրոնն ունենա բավարար ծանրաբեռնվածություն, որպեսզի այդ մասնագիտական փորձառությունն էլ հետ չաճի, և էս առումով էլ, իհարկե, մենք շատ աշխատանք ունենք անելու», - ասաց Ավանեսյանը:

Այս շաբաթ «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահը երկու բժիշկների հետ Ազգային ժողով էր գնացել աշխատավարձի խնդրի վերաբերյալ նամակ հանձնելու:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը սոցցանցում էր արձագանքել՝ գրելով, թե ո՞վ է լիազորել հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին խոսել բոլոր բուժաշխատողների անունից: Բողոքի բուն պատճառի մասին, սակայն, ոչ մի խոսք, ցածր աշխատավարձերի վերաբերյալ ոչ մի բառ չկար, Մարիամ Ծատրյանն ավելի ուշ հեռացրել է այդ գրառումն իր էջից:

Տեսազանգով հանդիպումն, ըստ Առողջապահության նախարարության, կշարունակվի մարտի 3-ին: Մինչ այդ համարձակ բժիշկների թիվը մեծանում է, սոցցանցում ֆլեշմոբ է սկսվել՝ տասնյակ բժիշկներ հրապարակում են իրենց լուսանկարներն ու գրում՝ «Կողմ եմ, որ համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի շրջանակներում վերանայվեն բժիշկների պայմանները», շարքում նաև Լիլիթ Աճեմյանի հրապարակումն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նամակ-պահանջ՝ վարչապետին. 12 ժամ աշխատանք, զրո արտոնությունՀարցեր առողջության ապահովագրության թեմայով՝ հիմնադրամի ղեկավարինՊետական հիմնադրամն ու 4 մասնավոր ապահովագրականներ հուշագիր ստորագրեցին«Ստացածս մեսիջների 80 տոկոսը շնորհակալություն է». - Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասինՆախարարը նոր տվյալներ է ներկայացրել առողջության համընդհանուր ապահովագրության մասին Առողջության ապահովագրություն. անվճար վիրահատություններ, բայց նաև խնդիրներ