Բըրնհեմ. Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմ և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, հուլիս, 2026թ.

Մեծ Բրիտանիան «100 տոկոսով» կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է վարչապետ Էնդի Բըրնհեմը Մոսկվայի նախազգուշացումից հետո, թե Լոնդոնի կողմից Կիևին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը «հետևանքների» կունենա։

«Լոնդոնի գործողություններն անխուսափելիորեն հետևանքներ կունենան, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ, և որքան մեծ է աջակցությունը Կիևի ահաբեկչական մեքենային, այնքան բարձր կլինի այն գինը, որը նա կվճարի», - ավելի վաղ Telegram-ի իր ալիքում հրապարակված հայտարարության մեջ նշել էր Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը։

Բըրնհեմն ընդգծել է, որ սա «Մեծ Բրիտանիայի կողմից այն քաղաքականության շարունակությունն է, որի մասին վաղուց հայտարարել է՝ 100 տոկոսով աջակցել Ուկրաինային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սանձազերծված այս անօրինական պատերազմի դեմ»։

«Մենք իրավիճակային ընկերներ չենք։ Մենք Ուկրաինայի կողքին կլինենք նրա կարիքի պահին, և դա չի փոխվի», - ասել է վարչապետը։

Ուկրաինան հեռահար հարվածներ հասցնող անօդաչու սարքեր է օգտագործում նավթավերամշակման գործարաններին և լոգիստիկ օբյեկտներին հարվածելու համար։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի հաստատել, թե արդյոք բրիտանական արտադրության անօդաչու սարքեր են օգտագործվել այդ հարձակումներում։

Հունիսին Միացյալ Թագավորությունը հայտարարել էր, որ 2026 թվականի ավարտին Ուկրաինային կտրամադրի 150 հազար անօդաչու սարք՝ 752 միլիոն ֆունտ ստեռլինգի (996 միլիոն դոլար) ֆինանսավորման փաթեթի շրջանակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին ժամանել է Լոնդոն«Ոչ մի փոփոխություն չի լինի». Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը «100 տոկոսով կաջակցի» Զելենսկուն