Բյուրեղավանցիները պնդում են՝ վերջին 3 ամսում առնվազն 2 անգամ թունավորվել են խմելու ջրից

Բյուրեղավանցիները պնդում են, որ վերջին երեք ամսում առնվազն երկու անգամ թունավորվել են խմելու ջրից։ Նրանցից ոմանք աղիքային վարակով հիվանդանոց են ընկել, բայց պաշտոնական պատասխան դեռ չկա՝ ո՞վ է պատասխան տալու, ինչո՞ւ է ծորակի ջուրը խմելուց հետո իրենց ինքնազգացողությունը վատացել:

Առաջին դեպքն ապրիլի 21-ին էր. շտապօգնությունը 30 կանչ էր ստացել, 11 մարդ հոսպիտալացվել էր՝ աղիքային վարակի ախտանշաններով։ Ութ օր անց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հայտարարեց, որ խմելու ջրում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ, ռոտավիրուս, ադենովիրուս և այլ ախտածիններ։ Մինչդեռ «Վեոլիա Ջուր»-ը պնդեց, որ իր նմուշառումներով ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։

Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց՝ պարզելու՝ արդյո՞ք մատուցվել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություն, որը կարող էր վնաս հասցնել մարդկանց առողջությանը, և եթե այո՝ ովքեր են դրա համար պատասխանատու։ Ավելի քան երեք ամիս է անցել, բայց որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, իսկ փորձաքննության եզրակացությունը դեռ չկա։

Երկու ամիս չանցած՝ երկրորդ դեպքն արձանագրվեց՝ հուլիսի 17-ին: Կրկին աղիքային վարակի ախտանշաններով բյուրեղավանցիներից շատերը հոսպիտալացվեցին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարեց՝ ջրի կրկնակի ստուգումից հետո երկու նմուշում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ, ինչը վկայում է ջրի հնարավոր աղտոտվածության մասին։

«Վեոլիա Ջուր»-ն այս անգամ էլ հակադարձեց, թե իրենց նմուշառումներով շեղումներ չեն հայտնաբերել: Խոստացել են լրացուցիչ հետազոտությունների արդյունքները հրապարակել, բայց դրանք դեռ չկան: Ինչպես նախորդ անգամ, այս դեպքով կրկին, նույն հոդվածով Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է։

Արփինե Հովհաննիսյանը չի բացառում՝ բյուրեղավանցիների բողոքներով դատարան կգնա

«Ես հարցում եմ կատարել նաև Հիվանդությունների և վարակների կանխարգելման ազգային պետական մարմին, որպեսզի հասկանամ, թե իրենց մոտ ինչպիսի տվյալներ են, եկավ պատասխանը, որ Արզնի և Նուռնուս համայնքներում իրենք էլ հայտնաբերել են կոլիֆորմ մանրէներ, և բնականաբար կոլիֆորմ մանրէներ առհասարակ ջրում չպետք է լինեն: Սա նշանակում է նաև, որ խմելու ջրին խառնվել են կոյուղաջրերը», - հայտարարեց «Վեոլիա Ջրի» աշխատանքները քննադատող արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հավաքագրել է բյուրեղավանցիների բողոքներն ու չի բացառում, որ դրանցով դատարան կգնա: «Վեոլիա Ջրից» հրաժարվեցին հարցազրույց տալ, ասացին՝ տարածած հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունեն։

Իրավաբան Հովհաննիսյանը նույնպես չի կարողանում ընկերությունից որևէ արձագանք ստանալ:

Լրագրողները նաև վարչապետ Փաշինյանից էին հետաքրքրվել՝ գիտի՞ ինչ է կատարվել Բյուրեղավանում, ինչո՞ւ են մարդիկ խմելու ջրից թունավորվել. «Պետք է պատասխանները հիմնավորված ստացվեն, ու հետևություններ արվեն, «Վեոլիա Ջուր»-ը, մնացած մեր մարմինները անհրաժեշտ որոշումներ կայացնեն»:

Փաշինյանը կրկնեց՝ Հայաստանում ջրամատակարարման համակարգը քայքայված է, անհրաժեշտ են լուրջ ներդրումներ:

Արփինե Հովհաննիսյանը, հիշեցնելով դեպքերի ժամանակագրությունը, եզրահանգեց. «Անգամ վարչապետ Փաշինյանի արձանագրումներից հետո որևէ հետևություն չի արվել: Ի՞նչ հետևություն է արել «Վեոլիա Ջուր»-ը, կամ այդ հետևությունները ինչո՞ւ են պահվում փակ դռների հետևում, ինչո՞ւ հանրային կոմունիկացիա գոյություն չունի, և ինչո՞ւ բոլորս այնպիսի դեմքով ենք, կարծես ինչ-որ բան պարտք ենք «Վեոլիա ջրին»:

Եթե ՀՎԿԱԿ-ն ասում է, որ ջրում շեղումներ կան, իսկ «Վեոլիա»-ն պնդում՝ չկան, գուցե խողովակնե՞րն են հին, մաշված կամ վնասված, հետաքրքրվում են բյուրեղավանցիները: Բյուրեղավանի քաղաքապետի մամուլի խոսնակն «Ազատությանն» ասաց՝ դրանց մի մասը փոխվել են, մյուսը՝ ոչ, բայց չի կարող պնդել, որ պատճառը դա է:

Մինչ պատկան մարմիններն իրար են մատնացույց անում, ՀՎԿԱԿ-ը պնդում՝ ջրում շեղումներ կան, «Վեոլիա»-ն՝ դա հերքում, իսկ Բյուրեղավանի քաղաքապետարանից ուսումնասիրությունների վերջնական պատասխանի սպասում, բյուրեղավանցիները շարունակում են խմելու ջուրը գնել խանութից: Արփինե Հովհաննիսյանը հարցնում է՝ ո՞վ է փոխհատուցելու:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել, բայց թե ի՞նչ հիմքով ու ի՞նչ պահանջ է դրել, այսօր մեզ պարզել չհաջողվեց, ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք, ուղարկել ենք, սպասում ենք արձագանքի։