Բյուրեղավանում աղիքային նոր վարակի պատճառը ջուրն է, պնդում են տեղացիները. «Վեոլիա»-ն հերքում է

Բյուրեղավանում աղիքային վարակի պաշտոնապես երկրորդ դեպքն է կարճ ժամանակում. ապրիլին այս համայնքում նորից վարակ էր բռնկվել: Նորից ջուրն է՝ կասկած չունեն բյուրեղավանցիները:

Հինգշաբթի երեկոյից Բյուրեղավանի պոլիկլինիկան ու Աբովյանի հիվանդանոցն սկսեցին կանչեր ստանալ:

«Լուծ, փսխումներ, ջերմություն սիմպտոմներով, հերթապահ մանկաբույժը ընդունել է, հաջորդ օրը առավոտյան՝ ամսի 17-ին, արդեն սկսվել է հոսք», - «Ազատությանը» փոխանցեց Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Նունե Հարությունյանը:

Հիվանդները հիմնականում Բյուրեղավան համայնքից են, մի քանի հոգի՝ Արզնիից ու Նուռնուսից, մեկն՝ Աբովյանից, որ հյուր էր գնացել տատիկին՝ Բյուրեղավան:

«Ջրից շատ ահավոր ժանգահամ էր գալիս, որ խմեցի». - 13-ամյա Եվան է տատիկի տանը ջուր խմել, որ, ասում է, թանի գույն ուներ: Վատացել ու հիվանդանոց է ընկել:

Բուժկենտրոնում հիմնականում երեխաներ են: Կան ընտանիքներ, որ ապրիլին թունավորվել էին ու հիմա էլի այստեղ են՝ կաթիլայինի տակ:

«Ընտանիքով մենք ապրիլին էլ ենք էլի վարակվել, ես տան պայմաններում մեզ կարողացել եմ բուժել: Էս անգամ, 10 օր ա, որ նոր ես կռանթից ջուր եմ օգտագործում, մինչև այդ մենք միշտ գնել ենք, ինչքա՞ն կարանք, ասենք, գնենք, էլի, մենք խանութից, 10 օրվա մեջ նորից հայտնվել ենք էս վիճակի մեջ», - ասաց բուժառուներից մեկը:

Հիվանդներից ամենատարեցը 70-ամյա կին է, որ ճնշումը կարգավորելու համար դեղ է խմել ծորակից հոսող հեղուկով: «Կեսօրից հետո ընդհանրապես վիճակ չկար վրես, շատ վատ էի, աչքերիս դեմը սևանում էր, չէիր կարում շնչեի՝ բերանով էի շնչում: Լրիվ ջրից ա, ինչի՞ց ա», - ասաց կինը: Ապրիլին էլ նույն վիճակում էին դուստրը, որդին հարսը:

«Ինչո՞ւ են մեզ անընդհատ թունավորում ջրով». - բյուրեղավանցիները զայրացած են, առանց այդ էլ օրական մի քանի ժամ ջուր են ունենում, ինչքա՞ն կարող են խանութներից շշերով ջուր կրել:

«Ոչ նորմալ ջրամատակարարում ունենք, հետն էլ տալիս են սենց թունավորված ջուր», - նշեց բյուրեղավանցի Մարինե Զուռնաչյանը:

Զուռնաչյանը համայնքի այլ բնակիչների հետ «Վեոլիա ջուր»-ի գրասենյակ է գնացել, այնտեղ ասել են՝ «ջուրը չի, սննդից եք թունավորվել». - «Ասում եմ՝ «դուք ի՞նչ, մտածում եք՝ երեկ մենք խնջույքի էինք, բոլորս նույն կերակուրը կերանք թունավորվեցի՞նք, ի՞նչ եք դուք ձեր աթոռից էն կողմ մեր հետ խոսում, ի՞նչ սննդային թունավորում, ի՞նչ ենք կերել, որ թունավորվել ենք»:

Թե՛ ապրիլի աղիքային վարակի բռնկման ժամանակ ու թե՛ հիմա «Վեոլիա ջուր»-ը հայտարարում է՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Պարբերաբար նմուշառումներ են անում:

Իսկ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնից այսօր երեկոյան հայտնեցին՝ լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, բուժառուներից 13 կենսաբանական նմուշ են վերցրել, բայց դրանց հետազոտությունը դեռ ընթացքում է: Ջրի որակի շեղում, այնուամենայնիվ, արձանագրվել է:

Ի դեպ, ապրիլին նույնպես կենտրոնը շեղումներ էր արձանագրել՝ կոլիֆորմ մանրէներ. սա հիմնականում տեղի է ունենում այն ժամանակ, երբ խմելու ջրին խառնվում է կոյուղին: Դեռ ապրիլին հարուցվել էր քրեական գործ: Այսօր Քննչական կոմիտեից «Ազատություն»-ը տեղեկացավ՝ նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չկա:

«Վեոլիա ջուր»-ը չի ընդունում, որ ջրից է, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման մասնագետները ստուգում են անում միայն բնակիչների թունավորման տառապանքներից հետո, ո՞վ կպաշտպանի մեզ, հարցնում են բյուրեղավանցիները:

Ի դեպ, այս մի բռնկման մասով «Վեոլիա»-ն մի նոր շեշտադրում է անում. - «Խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ոչ միայն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն. oրենքով սահմանված կարգով այն մշտապես վերահսկվում է նաև պետական իրավասու մարմինների կողմից, որոնք իրականացնում են անկախ վերահսկողություն և արձանագրում են ցանկացած խախտում»։

Պետական մարմինները, որ ապրիլյան վարակից հետո պիտի որ զգոն լինեին, ի՞նչ են արել: Քննչականը քննում է գործը, մեղավորներ չկան դեռ, Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը մոնիտորինգ է անում, իսկ Առողջապահական տեսչությունը վերահսկում է, թե խմելու ջրի նորմերը որքանո՞վ են համապատասխանում, այդ վերահսկողությունն իրականացնում է ըստ տարեկան պլանի կամ ահազանգերի:

Ծորակից հոսող ջուրը ոչ միայն «Վեոլիա»-ի, այլև մի շարք պետական օղակների աչալուրջ հայացքի ներքո պիտի լինի, բայց չգիտես ինչու մարդկանց մատակարարվող հեղուկը կոյուղու հոտ ունի, խմում ու ոչ թե հագենում, այլ մի կերպ շտապօգնություն են զանգում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բյուրեղավանում խմելու ջրում շեղումներ են հայտնաբերվել