«Բռնության մշակույթը շատ ուժեղ է Հայաստանում»

«Բռնության մշակույթը շատ ուժեղ է Հայաստանում: Մինչև հիմա խրախուսվում է տղաների ուժեղ, կոպիտ, բռնի լինելը: Քաղաքական ամբիոններից մինչև սերիալներ բռնության քարոզ կա, և դա հասնում է նաև անչափահասներին», - ասում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը:

Նրա ղեկավարած կազմակերպությունը, միջազգային և տեղական գործընկերների հետ, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Արագածոտնի մարզերում եռօրյա դասընթացներ է անցկացրել՝ ընդգրկելով 375 դպրոցականի։ Փորձել են պարզել, թե ինչ գիտելիքներ ունեն երեխաները բռնության, բուլինգի և սեռական բռնության, սեռով պայմանավորված բռնության տեսակների ու դրանց կանխարգելման մասին։

«Բռնության մասով բավականին իրազեկված են եղել, բայց ունեցել ենք նաև տղա մասնակիցներ, ովքեր շատ ազդված են եղել ավելի, ոնց որ, պոտենցիալ բռնարար կերպարում իրենց զգալու պատճառով: Խոսվել է, դե իհարկե, որ բռնությունը հիմնականում տղամարդկանց կողմից է լինում, և այլն: Օրինակ՝ մի քանի դեպք ենք ունեցել, որ մասնակիցները հետո շատ ազդված են եղել, անգամ ասել են, որ «չենք ուզում գանք հաջորդ հանդիպմանը», - «Ազատությանը» ասաց Աղաբեկյանը:

Դասընթացի մասնակիցներին տրվել են մի շարք հարցեր, որոնցից մեկն, օրինակ, վերաբերել է զուգընկերոջ կամ զուգընկերուհու կողմից սպառնալիքին կամ ահաբեկմանը: Աշակերտներին հարցրել են՝ արդյո՞ք դա կարելի է համարել բռնության ձև։

Սկզբում աղջիկների 96 և տղաների 88 տոկոսն են պատասխանել «այո», սակայն դասընթացից հետո ցուցանիշներն աճել են՝ աղջիկների դեպքում՝ 3, իսկ տղաների դեպքում՝ 5 տոկոսային կետով։ Այսինքն՝ դասընթացից հետո աղջիկների 99 տոկոսը և տղաների 93 տոկոսը վստահ պնդել են՝ այո, նման վարքը բռնություն է:

«Ամուսնու և կնոջ միջև կոնֆլիկտը, եթե նույնիսկ հանգեցնում է բռնության, անձնական խնդիր է, և ուրիշները չպե՞տք է միջամտեն», - այս հարցին ի պատասխան էլ նախքան դասընթացը աղջիկների 38, իսկ տղաների 37 տոկոսը արձագանքել են, որ համաձայն չեն այդ պնդմանը: Դասընթացից հետո արդեն աղջիկների 76 ու տղաների 54 տոկոսն են վստահ ասել՝ դեմ են այդ ընկալմանը:

Կոտայքի մարզի «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Նարինե Հայրապետյանն ասում է՝ մի քանի մասնակիցներ ընդդիմացել են, երբ դասընթացը վարողները խոսել են կոնկրետ բռնության դեպքերի մասին: «Սա մասնագետների համար հստակ ազդակ էր», - նշում է նա:

«Երբ որ ընտանիքում կա բռնության ցիկլ, միջավայր, պաշտպանական ռեակցիա է սա ընտանիքի կողմից: Չխոսել, չբարձրաձայնել, երբեմն բռնության մասին որևէ բառ լսել և աչքերը փակել հեռանալը՝ սա պաշտպանական ռեակցիա է, և հաճախ, երբ որ նման արձագանք ենք լսում, որ երեխաներին ընտանիքում արգելում են մասնակցել նման քննարկման, մենք հասկանում ենք, որ այստեղ ավելի մեծ միջամտության և ավելի մեծ աշխատանքի կարիք ունենք», - նշեց Հայրապետյանը:

Անցած տարեվերջից անչափահասների մասնակցությամբ բռնության դեպքերը հաճախ են հայտնվում մամուլի էջերում: Նախորդ ամիս Լոռու մարզում 13-ամյա տղաները դպրոցում դաժանորեն ծեծել էին իրենց համադասարանցուն, նա ծանր վիճակում տեղափոխվել էր Երևան: Ավելի վաղ մայրաքաղաքի կենտրոնում օրը ցերեկով անչափահասների մասնակցությամբ վիճաբանության ժամանակ կրակոցներ էին հնչել՝ երեք երեխաներ հիվանդանոց էին տեղափոխվել, Արարատում չորս անչափահասներ 20-ամյա երիտասարդի էին ծեծել, իսկ Տավուշի մարզում 4-րդ դասարանի աշակերտները ծանր վնասվածքներ էին հասցրել իրենց համադասարանցուն։

Ոստիկանության տվյալներով՝ նախորդ տարի դպրոցներում անչափահասների մասնակցությամբ 91 միջադեպ է գրանցվել, այնինչ 2024-ին 48-ով պակաս էր թիվը: Առհասարակ, 2025 թվականին աճել են ինչպես անչափահասների նկատմամբ, այնպես էլ նրանց կողմից կատարված հանցագործությունները։

Փորձագետները վստահ են՝ այս թվերը կսկսեն նվազել, եթե հենց դպրոցներում երեխաների հետ ավելի շատ զրուցեն ուսուցիչները: Բայց խնդիրը բարդանում է, երբ անչափահասին բռնության է ենթարկում անչափահասը, որը տարիքի բերումով պատժից ազատվում է: Այդպիսի մի դեպք էլ Աղաբեկյանի ղեկավարած ՀԿ էր հասել, տուժողն աղջիկ երեխա էր. - «Երբ որ փորձել էր մի մաման մյուս մամայի հետ խոսել, բռնարարի մաման նենց էր պատասխանել, որ «քո աղջիկն է մեղավոր ինչ որ եղել է», և այլն: Այսինքն՝ էս մոտեցմամբ ծնողը ի՞նչ պիտի իր անչափահաս բռնարար երեխայի համար անի: Իսկ սա լուրջ խնդիր է, որովհետև իրոք 12-13 տարեկան երեխան, ով որ գործում է սեռական բռնությունը, ինքը շանս ունի դա չանելու, եթե ինչ-որ մեկը իրեն բացատրի»:

Քննչական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններով 1 529 վարույթ է հարուցվել՝ 2024-ի համեմատ՝ 1 374, 11 տոկոսով ավելի։ Դատարան հասած գործերում առանձնանում են սեռական և ֆիզիկական բռնության դեպքերը։

Իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը կազմել է 464՝ 2024-ի 444-ի փոխարեն, աճը՝ 20 դեպք կամ շուրջ 4.5 տոկոս։ Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներն էլ են ընդգծում, որ անչափահասները շարունակում են մնալ ռիսկային խմբում։

Տաթևիկ Աղաբեկյանն ասում է՝ դասընթացների ժամանակ դեռահասները մասնագետներին ասել են՝ կարիք ունեն, որ դպրոցում մեծերն իրենց ավելի շատ լսեն. - «Որ երեխայի կարծիքը լսեն, պատկերացումը խնդիր լուծելու մասին՝ այ սրա բացն էին ավելի շատ շեշտել, որ «ոչ մեկ մեզ չի հարցնում՝ մե՞նք ինչ խնդիրներ ենք տեսնում»:

Աղաբեկյանը կարծում է՝ ժամանակն է, որ 14 տարեկանից բարձր երեխաները տարրական գիտելիքներ ունենան իրենց սեռական զարգացածության թեմայով, որ կարողանան նաև բռնությունը տարբերել ու պաշտպանվել:

Կրթության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի խոսքով՝ իրենք դա անում են, օրինակ՝ նախարարությունն «Առողջ ապրելակերպ» առարկան պարտադիր էր դարձրել 5-րդ դասարանցիների համար: 2026–2027-ից արդեն այն կներառվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի կազմում, 5-րդ դասարանից բարձր աշակերտները տարեկան 34 ժամ սեռական դաստիարակության ու վերարտադրողական առողջության վերաբերյալ դասաժամեր կունենան:

«Մենք կարծես թե իրազեկումը ու կանխարգելումը փորձում ենք ինչ-որ ձևով անել, և վատ չի ստացվում: Բայց ինչ վերաբերում է արձագանքման բլոկին, կարծես թե դեռևս լավ չի ստացվում: Էստեղ մենք գործ ունենք նաև ոչ միայն դպրոցի հետ, այլև համայնքի հետ, սոցիալական և ներքին գործերի մարմինների հետ, և էդտեղ կարծես թե էդ փոխանցման մեխանիզմները շատ նուրբ պետք է անենք, որ առաջին հերթին լայն արձագանքում չստանա, եթե դեպքը կա, որպեսզի երեխան չթիրախավորվի, երկրորդը՝ որ ուղղորդումը ճիշտ կատարվի», - ասաց Մուրադյանը:

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ բռնությանը, հատկապես ընտանեկան բռնությանն արձագանքելու հարցում համակարգը դեռ մասնագետների աջակցության կարիքն ունի:

Ծրագրի ամփոփմանը ներկա էին նաև Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, բայց հրավիրված էին նաև Դատախազության, Ոստիկանության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները: Տաթևիկ Աղաբեկյանը տարակուսած էր, ասում է՝ ինչպե՞ս պայքարեն բռնության դեմ, եթե հենց այս թեմայով միջոցառմանը այդ գերատեսչություններից ոչ ոք այդպես էլ չէր մասնակցել: