Բրիտանիան խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիայի և Իրանի դրոշները, արխիվ

Մեծ Բրիտանիան այսօր հրապարակել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնող օրենսդրությունը, որով ընդլայնվում են առևտրային և այլ սահմանափակումները՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի և մյուս գործողությունների զսպմանը, որոնք Լոնդոնը թշնամական է համարում:

Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ խստացումներն է՛լ ավելի են սահմանափակելու Միացյալ Թագավորության ֆինանսական համակարգի մատչելիությունը Թեհրանի համար, ընդլայնելու են ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների նկատմամբ արգելքները, իրանական օդանավերին արգելելու են վայրէջք կատարել Բրիտանիայում, եթե բացառություններ չարվեն:

Օրենսդրությունը նաև ընդլայնում է Իրանի հետ կապված նավերի նկատմամբ միջոցներ կիրառելու Միացյալ Թագավորության հնարավորությունները:

Իրանի դեմ Բրիտանիայի մինչ այժմ գործող պատժամիջոցների ռեժիմն արդեն իսկ ներառում է ֆինանսական, առևտրային և տրանսպորտային սահմանափակումներ:

Պետնախարար Սթիվեն Դաութին հայտարարել է, որ օրենսդրությունը «կկրկնապատկի Իրանի միջուկային հավակնությունները զսպելու» իրենց գործողությունները և կօգնի ապահովել, որ Իրանը երբեք ձեռք չբերի միջուկային զենք: