Իրանի Բուշեր ատոմակայանի մոտ Միացյալ Նահագների և Իսրայելի հարվածները չափազանց վտանգավոր են, և Ռուսաստանն իր մտահոգությունները փոխանցել է ԱՄՆ-ին։ Այսօր այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով՝ նման հարվածները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։
Հինգ օր առաջ ռուսական «Ռոսատոմ»-ն էր հաղորդել, որ Բուշերի միջուկային էլեկտրակայանը հարվածի է ենթարկվել:
«Հարձակում է իրականացվել մետրոլոգիական ծառայության շենքի հարակից տարածքում, որը գտնվում է Բուշերի միջուկային էլեկտրակայանի արդյունաբերական հատվածում՝ գործող էներգաբլոկի անմիջական հարևանությամբ», - նշված էր հաղորդագրությունում։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կոչ էր արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել։
Բուշերը Իրանի միակ միջուկային էլեկտրակայանն է։ Այն գտնվում է Պարսից ծոցի հյուսիսային ափամերձ շրջանում, սնուցվում է Ռուսաստանի արտադրած ուրանով և վերահսկվում է ԱՄԷԳ-ի կողմից։